հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը առևտրի, զբոսաշրջության, ներդրումների խթան կհանդիսանա. Վաչե Տերտերյան

ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը առևտրի, զբոսաշրջության, ներդրումների խթան կհանդիսանա. Վաչե Տերտերյան

Տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովին ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2021 թվականի նոյեմբերի 15-ին Բրյուսելում:

Նպատակն է ստեղծել ընդհանուր ավիացիոն գոտի՝ ապահովելով կողմերի շուկաների հասանելիությունը հավասար մրցակցային պայմաններով, առանց խտրականության և միասնական կանոններով:

«Այս ընդհանուր ավիացիոն գոտին թույլ կտա ընդլայնել օդային հաղորդակցությունը, զարգացնել միջազգային ավիացիոն համակարգը, այդ թվում՝ հենվելով շուկայում ավիաընկերությունների միջև ընդունված ոչ խտրական, մրցակցային, թափանցիկ և արդար մրցակցության վրա: Դա նաև ուղիղ ճանապարհ է, որպեսզի մենք ընդունենք ԵՄ ավիացիոն ստանդարտները և զարգացնենք համագործակցությունն ավիացիոն անվտանգության ոլորտում»,- ասաց ՏԿԵ նախարարի տեղակալը:

Տերտերյանի խոսքով՝ ակնկալվում է, որ համաձայնագրի վավերացումը առևտրի, զբոսաշրջության, ներդրումների, սոցիալ-տնտեսական զարգացման խթան կհանդիսանա: 

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին:

  • Կիսվել: