ՀՀ արժեթղթերի շուկայում կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն ծրագիրը հաջողությամբ է ավարտվել
Հայաստանի պատմության մեջ կորպորատիվ պարտատոմսերի ամենախոշոր գործարքը 2022 թվականի սեպտեմբերի 30-ին հաջողությամբ ավարտվել է. ամբողջությամբ մարվել են ՀՀ խոշորագույն հանքարդյունաբերական ընկերության՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (ԶՊՄԿ) պարտատոմսերի անդրանիկ թողարկումները` 50 մլն ԱՄՆ դոլար և 2.5 մլրդ ՀՀ դրամ ծավալներով: Ամերիաբանկը հանդես էր եկել որպես ԶՊՄԿ պարտատոմսերի տեղաբաշխող և շուկա ստեղծող՝ այդպիսով հերթական անգամ կյանքի կոչելով ՀՀ տնտեսության, մասնավորապես` արժեթղթերի շուկայի զարգացմանն ուղղված քաղաքականությունը:
«ԶՊՄԿ-ի պարտատոմսերի ծրագիրը թողարկման ծավալների և ներդրողների մասնակցության տեսանկյունից աննախադեպ նախաձեռնություն էր ՀՀ կապիտալի շուկայի համար: Այս գործարքը ցույց տվեց, որ պարտատոմսերի շուկան ունակ է բավարարել ՀՀ ընկերությունների ֆինանսավորման պահանջները: Դրա մասին են փաստում նաև Ամերիաբանկի կողմից Հայաստանում պատմականորեն իրականացված կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումները: Վստահ ենք, որ ԶՊՄԿ-ի պարտատոմսերի հաջողված ծրագիրը տեղական ընկերությունների համար կդառնա ուղենիշ՝ կապիտալի այլընտրանքային աղբյուրներից ֆինանսավորում ներգրավելու համար»,- նշել է Ամերիաբանկի Կորպորատիվ և ներդրումային բանկինգի գծով տնօրեն Գագիկ Սահակյանը:
Տեղական շուկայում մասնակցությունը չի սահմանափակվել միայն ինստիտուցիոնալ ներդրողների շրջանակով (ֆոնդի կառավարիչներ, բանկեր). բազմաթիվ ֆիզիկական անձինք հնարավորություն են ունեցել իրենց խնայողությունները ներդնել բարձր եկամտաբերություն ապահովող ֆինանսական գործիքներում:
Առաջնային տեղաբաշխումից հետո ԶՊՄԿ պարտատոմսերը ցուցակվել են և թույլատրվել առևտրին Հայաստանի ֆոնդային բորսայում: Ամերիաբանկը դարձել է պարտատոմսերի շուկա ստեղծողը՝ ապահովելով երկրորդային շուկայում գործարքների ակտիվությունը: