երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՀՀ աղբավայրերում մշտադիտարկում կիրականացվի. կարգը խախտողները կտուգանվեն

ՀՀ աղբավայրերում մշտադիտարկում կիրականացվի. կարգը խախտողները կտուգանվեն

Հայաստանի տարածքում գործող աղբավայրերում մոնիթորինգ չիրականացնելու համար կսահմանվի վարչական պատասխանատվություն` 50-100 հազար դրամի չափով, մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու համար` 100-200 հազար։

«Թափոնների մասին» օրենքում ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր ԱԺ–ում ներկայացրեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը։
Թե ով ու ինչ կարգով է իրականացնելու աղբավայրերի մոնիթորինգը, դեռ հայտնի չէ։ Ըստ Ֆիդանյանի` այն կընդունվի տուգանքի չափերը հաստատելուց հետո։
 
«Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը կառավարության կողմից կընդունվի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում, իսկ աղբավայրերը շահագործողները հնարավորություն կունենան 2023թ–ի ընթացքում նախապատրաստելու աղբավայրերի մոնիթորինգ իրականացնելու համար անհրաժեշտ նյութատեխնիկական, ֆինանսական միջոցները»,– ասաց Ֆիդանյանը` հավելելով, որ օրենքի այդ կետը ուժի մեջ կմտնի միայն 2024թ–ի հունվարի 1-ից։
Նույն նախագծով նաև որոշ կարգավորումներ են արվել չնախատեսված վայրերում աղբ թափողներին տուգանելու համար։
Եթե ներկայում այդ խախտման դեպքում արձանագրություն կազմելու իրավունք ունեն միայն տեսչական մարմինն ու համայնքային իշխանությունները, ապա նոր կագրավորմամբ նրանց է միացել նաև ոստիկանությունը։ Իսկ գործը քննելու իրավունքը վերապահվելու է այն մարմնին, որը կհայտնաբերի իրավախախտումը։

  • Կիսվել: