Հայտարարվել է ռազմական գործողությունների մասնակիցների համար նոր ծրագրի մասին
Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է ծրագիր մշակել, որը թույլ կտա մարտական գործողությունների մասնակիցներին, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող զինվորականներին վերապատրաստման դասընթացներ անցնել կամ բարելավել իրենց առկա որակավորումը: Այս մասին դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ամփոփելով իր ղեկավարած գերատեսչության այս տարվա գործունեությունը։
Նրա խոսքով` հանրապետությունում գործում է սոցիալական աջակցության շուրջ 49 կենտրոն, որոնք տեղեկատվություն են հավաքում եւ լուծում մարտական գործողությունների մասնակիցների խնդիրները։
«Տվյալները մշակվելու են թիրախային խմբերի ձեւավորման նպատակով։ Մի շարք խոշոր ընկերությունների հետ արդեն իսկ համագործակցության հուշագրեր են ստորագրվել։ Դրանք աջակցություն կցուցաբերեն վերոնշյալ ծրագրի մասնակիցների մասնագիտական զարգացման, պրակտիկայի, ինչպես նաեւ աշխատանքի տեղավորման հարցում։ Այս գաղափարն առաջացել է 44-օրյա պատերազմից հետո։ Այդ ժամանակ շատ երեխաներ հաշմանդամություն ստացան, եւ նրանց աշխատանքի տեղավորման անհրաժեշտություն առաջացավ»,- ասաց նախարարը։
Նա նաեւ հավելեց, որ մասնավոր հատվածի եւ պետական տարբեր գերատեսչությունների հետ համագործակցության շնորհիվ կրթական ծրագրերի, ինչպես նաեւ զբաղվածության ծրագրերի շահառու է դարձել մարտական գործողությունների 460 մասնակից: