ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Հայփոստը» սկսում է կենսաթոշակների վճարման էլեկտրոնային համակարգի փորձարկումը

«Հայփոստը» սկսում է կենսաթոշակների վճարման էլեկտրոնային համակարգի փորձարկումը

«Հայփոստ» ընկերությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության օժանդակությամբ  գործարկում է կենսաթոշակների վճարման էլեկտրոնային համակարգի նոր պիլոտային ծրագիր, որն ընկերության ծառայությունների թվայնացման և արդիականացման գործընթացի կարևոր մաս է կազմում:   

Ծրագրով նախատեսվում է էլեկտրոնային սարքերի կիրառմամբ կենսաթոշակների վճարման նոր համակարգի ներդնում, որը սկզբունքորեն կփոխի մինչ այդ գործող ՝ թղթային ցուցակներով վճարման համակարգը: Էլեկտրոնային նորարարությունը հնարավորություն կտա  ծառայության որակը համապատասխանեցնել  միջազգային չափանիշներին՝ բարձրացնելով ոլորտի վերահսկողության որակն ու նվազեցնելով առկա ռիսկերը:

Նախատեսվում է փոստատարների կողմից էլեկտրոնային սարքերի (պլանշետների) կիրառում, որոնց միջոցով առցանց համակարգ կմուտքագրվի նաև  կենսաթոշակառուի բնակության վայրում կատարված վճարման տեղեկատվությունը, ինչպես նաև ՝ վճարման ճշգրիտ ժամը, վայրը և անհրաժեշտ այլ տվյալներ:

Պիլոտային ծրագիրը կմեկնարկի մայրաքաղաք Երևանի Ավան վարչական շրջանի փոստային բաժանմունքներում:

Անդրադառնալով ծրագրին՝ «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Կարապետյանը նշեց. «Սա պիլոտային ծրագրի մեկնարկն է: Այս ծրագիրն առաջիկայում՝ հաջող փորձարկումից հետո, կկիրառվի ողջ ցանցի մասշտաբով և կներառի այլ ծառայություններ: Ծրագրի կարևորագույն բաղադրիչ է Հայփոստի աշխատակիցների վերապատրաստումը. մենք կարևորում ենք մեր աշխատակիցների մասնագիտական որակների բարձրացման և աճի հնարավորությունները՝ չդնելով որևէ տարիքային սահմանափակում:  Վստահ եմ՝ սա կտրուկ կբարձրացնի Հայփոստի ծառայությունների որակը»: 

 «Հայփոստ» ընկերությունն արդեն սկսել է  փոստատարների ուսուցումը համապատասխան էլեկտրոնային սարքերի միջոցով: Պարբերաբար իրականացվում է էլեկտրոնային համակարգի գործառույթների թեստավորում և համակարգի փորձնական շահագործում՝ փոստատերների մասնակցությամբ: 

  • Կիսվել: