երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Հայփոստ»-ի շենքի տեղում Համաշխարհային առևտրային կենտրոն կկառուցվի

«Հայփոստ»-ի շենքի տեղում Համաշխարհային առևտրային կենտրոն կկառուցվի

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյմբերի 17-ի նիստում որոշեց թարմացնել Սարյան 22 հասցեում գտնվող շենքում «Համաշխարհային առևտրային կենտրոն «Երևան» (WORLD TRADE CENTER YEREVAN)» քաղաքաշինական ներդրումային ծրագրով նախատեսված տվյալները:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «ՌԵՆՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված Երևան քաղաքի Սարյան 22 հասցեում գտնվող շենքում «Համաշխարհային առևտրային կենտրոն «Երևան» (WORLD TRADE CENTER YEREVAN)» քաղաքաշինական ներդրումային ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ։

Հիմնավորման մեջ նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 7-ին ՀՀ կառավարության կողմից հավանություն է տրվել «Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրին և «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ՓԲԸ հիմնադրմանը:

Որոշմամբ նախատեսված է Սարյան 22 հասցեում գտնվող շենքը օտարել Ընկերությանը հետևյալ սկզբունքով՝  Հայփոստ ՓԲԸ՝ 30.18 %, Կառավարություն՝  19.82 % և Ներդրող՝ 50%:

Որոշման ընդունումից հետո աշխատանքներ իրականացնելիս մասնաբաժինների հատվածը առավել հստակեցվել և  ճշգրտվել են, որի արդյունքում Կառավարությունը՝ 19.82 %-ի փոխարեն նախատեսվում է՝19.002471%, իսկ «Հայփոստ» ՓԲ ընկերությանը՝ 30.18 %-ի փոխարեն ստացվել է 30.997529%։

Ծրագրի հետագա իրականացման ընթացքում հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով նպատակահարմար է Որոշմամբ սահմանել թարմացված տվյալները։

Միևնույն ժամանակ, Որոշմամբ սահմանված է, որ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ծրագրի իրականացման նպատակով ընկերության հետ համատեղ մշակել և ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով նախաձեռնել քաղ. Երևան, Սարյան և քաղ. Երևան, Պարոնյան փողոցների միջև (Սարյան 22 հասցեում գտնվող գույքին հարակից)` մինչև 12 000 քառ. մ մակերեսով հողամասը պետության կարիքների համար բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու գործընթաց:

Հաշվի առնելով, որ ներկայումս պետության կարիքների համար բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու նպատակով ներդրողի կողմից իրականացվում են հողամասի ուսումնասիրություններ, ինչը բավականին ժամանակատար է, ուստի որոշվել է նախատեսված երկամսյա ժամկետը (մինչև նոյեմբերի 7-ը) դարձնել չորսամսյա:

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում երկարաժամկետում նախատեսվում է եկամուտների ավելացում՝ հաշվի առնելով իրականացվելիք ներդրումների տնտեսական ազդեցությունը, իսկ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ակնկալվում է սեփականության եկամուտների ավելացում:

  • Կիսվել: