շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայկական բեռնատարները կուտակվել են Լարսում. մի մասը հետ է գալիս փչացած ապրանքով․ «Հետք»

Հայկական բեռնատարները կուտակվել են Լարսում. մի մասը հետ է գալիս փչացած ապրանքով․ «Հետք»

Բեռնափոխադրող «Սպիննակեր գրուպ» ընկերության բեռնատարները արդեն 12 օր է, ինչ փորձում են հատել Լարսի անցակետը Ռուսաստան հասնելու համար: Սովորաբար, երբ խնդիրներ չեն լինում, մեքենաները մինչև հինգ օրում հասնում են Ռուսաստան, սակայն մոտ երեք շաբաթ է՝ Լարսում կուտակումներ են: 

«Յուրաքանչյուր բեռնատար ստուգում են՝ ռենտգեն են անում: Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից հետո բեռնատարների նկատմամբ վերահսկողությունը մեծացել է:  Եթե նախկինում մեկ ընկերության մեքենաների մի մասն էին ստուգում ամբողջությամբ, ապա՝ հիմա բոլորը: Այստեղից էլ առաջացել են այս հերթերը: Մեր տեղեկություններով՝ դա ռուսական կողմի պահանջն է: Նաև տեղեկություններ են շրջանառվում, որ հայկական որոշ բեռնատարների դեպքում լուրջ խախտումներ են հայտնաբերվել: Դա էլ իր հերթին է առիթ հանդիսացել, որ ստուգեն բոլոր մեքենաները»,- «Հետք»-ի հետ զրույցում նշել է ընկերության համահիմնադիր Նորայր Գևորգյանը:  

Այս օրերին հատկապես գյուղմթերք և ձուկ տեղափոխող բեռնափոխադրողներն են անհանգստացած: Նրանց մի մասը մեքենաները հետ է բերում Հայաստան, որպեսզի ապրանքը չփչանա: Թարմ ձուկը, օրինակ, հետ է բերվում և սառեցվում: Որոշներն էլ չեն հասցնում ժամանակին տեղ հասցնել, և բեռնատարները հետ են գալիս Հայաստան արդեն փչացած ապրանքով: 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղյակ են Լարսի կուտակումների մասին, սակայն, համարում են, որ իրենք այս պահին ոչինչ անել չեն կարող:

«Խնդիրը պայմանավորված է նրանով, որ ռուսական կողմը շատ խստացրել է անցակետերում հսկողությունը: Այդ իսկ պատճառով նման մեծ խցանումներ են: Բայց խնդիրը մեր նախարարության իրավասության շրջանակներից դուրս է»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը:

Ըստ նրա՝ թողունակությունը խիստ նվազել է, և մեքենաների հոսքը շատ դանդաղ է առաջ շարժվում: Հարցին՝ նախարարությունը ի՞նչ ելք կամ տարբերակներ է տեսնում այս խնդիրը լուծելու համար, խոսնակը կրկին պատասխանեց, որ այս պահին դրությամբ դա իրենց իրավասությունների շրջանակում չէ: 

  • Կիսվել: