երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Հայատոմ»-ի տնօրենը անհրաժեշտ է համարում հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը

«Հայատոմ»-ի տնօրենը անհրաժեշտ է համարում հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը

Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի («Հայատոմ») տնօրեն, Հայկական ատոմային էլեկտրակայանի տնօրենների խորհրդի նախագահ Վահրամ Պետրոսյանը Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից կարևորում է ատոմակայանի նոր էներգաբլոկ կառուցելը, քանի որ գործող՝ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը հնարավոր չէ անվերջ երկարաձգել, նա ցանկանում է, որ Հայաստանը 2036-ից հետո ունենա նոր էներգաբլոկ: Պետրոսյանը նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ Սոչիում «Ատոմէքսպո» միջազգային ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում:

«Ռոսատոմ»-ն առաջարկում է 1000 ՄՎտ և 1000-ից բարձր միջուկային էներգաբլոկներ: Իմ կարծիքով՝ մեր ցանցերի համար ամենալավը միջին հզորության էներգաբլոկներն են»,-ասաց Պետրոսյանը:

Նրա կարծիքով՝ 1000, 1200 ՄՎտ հզորության էներգաբլոկը Հայաստանի համար այս պահի համար շատ է, բայց, եթե կառավարությունը կարողանա գտնել ելք՝ այդ արտադրված էլեկտրաէներգիայի կեսը վաճառելու, օրինակ՝ հարավային հարևանին, ապա լավ տարբերակ կլինի: Ըստ Պետրոսյանի՝ այդ դեպքում Իրանն էլ կարող է գումարով մասնակցություն ունենալ կառուցման գործընթացին, որպեսզի Հայաստանը հենց սկզբից իմանա, որ, օրինակ, կեսը կարող է արտահանել: Այնուամենայնիվ, նա կարծում է, որ 1200 ՄՎտ հզորությամբ կայան կառուցելիս պետք է լավ մտածել, կա հովացման ջրի խնդիր:

«Մենք այսպես թե այնպես պետք է ունենանք դա, որովհետև մեր երկրի էներգետիկ անվտանգությունն ապահովված կլինի, եթե մենք ունենանք միջուկային էներգաբլոկ: Երկրորդ էներգաբլոկի կյանքի տևողությունը կարող ենք մեկ անգամ ևս երկարաձգել մինչև 2036 թվական, հետո՝ ենթադրենք 5 տարի, բայց ոչ ավել: Ես կուզենայի, որ 2036 թվականից հետո ունենայինք նոր էներգաբլոկ»,-ասաց Պետրոսյանը՝ նշելով ռեսուրսի սպառմանը մոտենալու ռիսկի մասին:

Այնուամենայնիվ, «Հայատոմ»-ի տնօրենը նկատեց, որ նոր էներգաբլոկ կառուցելը, իհարկե, թանկ հաճույք է, կախված է նրանից, թե Հայաստանն ինչ հարաբերություններ կունենա, աշխարհաքաղաքական իրավիճակն ինչպիսին կլինի, երկիրը կկարողանա՞ այդ ներդրված գումարները հետ վերադարձնել, ի՞նչ գումարներով կկարողանա դա անել:

Նրա գնահատմամբ՝ էներգաբլոկի կառուցումը կպահանջի 10-ից ոչ պակաս տարի: Այսպիսով, ըստ Պետրոսյանի՝ Հայաստանն արդեն 2026 թվականից կարող է սկսել կառուցումը, իսկ մինչև այդ էլ շատ կարևոր հարցեր կան, շատ կարևոր խնդիրներ կան՝ գնահատելու, ճշտելու, թե ինչ միջոցներով է դա լինելու:

Անդրադառնալով «Ատոմէքսպո 2022»-ին՝ նա նշեց, որ համաժողովը հնարավորություն է տալիս կարճ ժամկետում շփվել բնագավառի տարբեր մարդկանց հետ: «Մենք ծանոթացանք, թե ինչ է կատարվում աշխարհում, «Ռոսատոմ»-ն ինչ բլոկներ է կառուցում, որտեղ է կառուցում, ինչ փուլերում են գտնվում այդ աշխատանքները, քանի որ մենք շահագրգռված ենք՝ լավ ուսումնասիրելու և հասկանալու նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցերը»,-ընդգծեց Պետրոսյանը:

Համաժողովը նաև հնարավորություն է տալիս հասկանալ, թե ինչպես կարելի է համագործակցել ռուսական տարբեր ձեռնարկությունների հետ: Պետրոսյանը նշեց՝ կա արագ նեյտրոնների բազմաֆունկցիոնալ հետազոտական ռեակտորի (МБИР) ծրագիր: Ռուսաստանում արագ նեյտրոնների հիմքի վրա կառուցվում է նոր հետազոտական ռեակտոր: Ըստ նրա՝ «Հայատոմ»-ը կարող է միանալ այդ ծրագրին, և այդ արդյունքները կիրառելի դարձնել նաև Հայաստանում: «Դա նշանակում է ունենալ նոր նյութագիտություն: Այդտեղ կարելի է մշակել, ստանալ բժշկության մեջ օգտագործվող նոր իզոտոպներ: Նման հետազոտական ռեակտոր կառուցելը դժվար բան է: Այդպիսի ծրագրին միանալը, սակայն, մեծ հնարավորություն կտա»,-նշեց նա:

Պետրոսյանը կարծում է, որ, եթե հայ մասնագետները կարողանան գնալ, մասնակցություն ունենալ, իմանալ, ապա այդ գիտելիքները կարող են ծառայեցնել նաև Հայաստանի համար:

  • Կիսվել: