կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 75 մլն եվրո վարկ կվերցնի. ստորագրվել է համաձայնագիր

Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 75 մլն եվրո վարկ կվերցնի. ստորագրվել է համաձայնագիր

 Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Զարգացման ֆրանսիական գործակալության Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյերը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագիրը»՝ քաղաքականության վրա հիմնված վարկի տեսքով բյուջետային աջակցության ծրագրի ներքո 75 մլն եվրո վարկային միջոցների ստացման նպատակով: 

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունից, ֆրանսիական կողմից վարկային համաձայնագիրը համաստորագրել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինին:

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը՝ հանրային ծառայությունների մատուցման արդյունավետությունը և կայունությունը ու ֆինանսական ոլորտի զարգացումը բարելավելու հարցում: 

Այն կազմված է երեք հիմնական բաղադրիչներից. 

1.    հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավում,

2.    պետական արժեթղթերի թողարկման և կառավարման շրջանակի ու փողի շուկաների ենթակառուցվածքի ամրապնդում, 

3.    ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման նոր գործիքների մշակում և առավել թափանցիկ կառավարման ապահովում։ 

Բյուջետային ֆինանսավորումը հանդիսանում է բազմամյա ծրագրի մաս, որն իրականացվում է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ: 

  • Կիսվել: