կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանը պահում է պատժամիջոցային ռեժիմներն առանց դրանց միանալու. Կենտրոնական բանկ

Հայաստանը պահում է պատժամիջոցային ռեժիմներն առանց դրանց միանալու. Կենտրոնական բանկ

Հայաստանը որեւէ պատժամիջոցային ծրագրի չի միացել, բայց մենք հետեւում ենք բոլոր պատժամիջոցներին, մենք պահում ենք պատժամիջոցային ռեժիմներն առանց դրանց միանալու։ Այս մասին մարտի 5-ին ներդրումային-ֆինանսական համաժողովում ասել է Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ կարգավորման վարչության տնօրեն Գարեգին Գեւորգյանը։

Նա ավելացրել է, որ Հայաստանը ցանկանում է դառնալ օտարերկրյա արժեթղթերի առեւտրի հաբ։ «Մենք շահագրգռված ենք կապիտալի շուկաների ակտիվ զարգացմամբ, բայց եթե ցանկանում ենք կառուցել կապիտալի շուկայի ինստիտուցիոնալ զարգացման լավ համակարգ, ապա պետք է սկսենք հիմքից։ Դրա համար անհրաժեշտ է  ձեւավորել դրամի շուկան։ Հայկական տնտեսությունը չունի դրամի կարճաժամկետ գնի որոշման գործիք»,- նշել է Գեւորգյանը։

Նրա գնահատմամբ՝ 30 տարվա կտրվածքով հայկական դրամն աշխարհում ամենակայուն արժույթներից մեկն է։ Նա հավաստիացրել է, որ շատ լուրջ հետեւանքներ գնաճի կամ սղաճի տեսակետից Հայաստանում չեն նկատվել։ «Մեր մեթոդաբանությունը ռիսկերի կառավարումն է։ Եթե ավելի վտանգավոր է դեֆլյացիան, ապա մենք աշխատում ենք նրա հետ, նույնը վերաբերում է գնաճին։ Այս տեսակետից մեր մեթոդաբանությունը չի փոխվելու, հակառակը, զարգանալու է»,- նշել է ԿԲ ներկայացուցիչը։

Նա տեղեկացրել է, որ թոշակային ֆոնդերի միջոցով ներդրողները պատրաստ են ներդնել մոտ 500 մլն եվրո կապիտալի շուկայում, եթե լինեն համապատասխան թղթեր։

«Այդ ամենը տեղի մանրածախ ներդրողների փողերն են, այսինքն՝ նման պահանջարկ կա»,- ամփոփել է Գարեգին Գեւորգյանը։

  • Կիսվել: