երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանում վերակենդանացել է ադամանդի արտադրությունը՝ հասնելով ռեկորդային արտահանման․ МИР 24

Հայաստանում վերակենդանացել է ադամանդի արտադրությունը՝ հասնելով ռեկորդային արտահանման․ МИР 24

Հայաստանը մտադիր է վերականգնել իր նախկին փառքը՝ որպես ադամանդ վերամշակող երկիր: Բացվում են ադամանդագործության նոր ձեռնարկություններ, իսկ ադամանդի արտահանումը մեկ տարվա ընթացքում աճել է երեգ անգամ։ Այս մասին պատմում է  «МИР 24»-ի թղթակից Իրինա Մկրտչյանը:

«Յուրաքանչյուր երես ունի կտրելու իր անկյունն ու ուղղությունը, եթե կտրումը սխալ ուղղությամբ է գնում, երբեք լավ արդյունքի չես հասնի»,- ասում է գործարանում ադամանդագործ Վաչագան Թովմասյանը։

Ալմաստն ադամանդ դարձնելու համար Վաչագան Թովմասյանին ընդամենը 40 րոպե է անհրաժեշտ։ Այս արտադրամասում արտադրվում են 57 երեսակներով քարեր։ Դա նրանց ավելի պայծառ է դարձնում:

«Մենք ձեռք ենք բերել բարձր ճշգրտության լազերային սարքավորում, որը թույլ է տալիս արագացնել հղկումը 20-30 անգամ։ Սարքերը որոշում են քարի համամասնությունն ու համաչափությունը և պլանավորում կտրվածքը։ Արտադրության թերությունների տոկոսը հասցվել է գրեթե զրոյի»,- նկատեց ադամանդ վերամշակող ընկերության հիմնադիր Արտակ Բագիկյանը։

Հայաստանում ադամանդի վերամշակման արդյունաբերությունը շուրջ 10 տարի պարապուրդի էր մատնված: Մասնավոր սեփականատերերը արդյունաբերական մասշտաբով հումքի համար փող չունեին։ Ձեռնարկությունները մեկը մյուսի հետևից փակվեցին. մեկ տարի առաջ կառավարությունը ստեղծեց պետական ​​ընկերություն։

Անցյալ տարի Հայաստանի կառավարությունը որպես առաջնահերթ ոլորտ ներառել է թանկարժեք քարերի արդյունաբերությունը։
«Ավելացել է արտահանումը, դա կարելի է պայմանավորել ոչ միայն ներքին շուկայում պահանջարկ ունենալու հանգամանքով, այլ նաև նրանով, որ ձեռնարկությունները զարգանում են, ունեն կայուն մատակարար՝ ի դեմս պետական ​​ընկերության, որն ապահովում է նրանց որակ, ժամկետներ, լոգիստիկա»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության ռազմավարական արդյունաբերության վարչության տնօրեն Արևիկ Մարգարյանը։

Առայժմ Կոտայքի մարզն առաջատար է ադամանդի վերամշակման ոլորտում։ Բայց իրավիճակը կարող է փոխվել։ Անցյալ տարի Սյունիքում գործարան է բացվել։ Շիրակի մարզից ձեռներեցները մտադիր են բացել նաև հատման ձեռնարկություն։

  • Կիսվել: