ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանում Pegasus լրտեսական ծրագիրը տեղադրվում է պետական աշխատողների, ընդդիմադիրների հեռախոսներում. Մարտիրոսյան

Հայաստանում Pegasus լրտեսական ծրագիրը տեղադրվում է պետական աշխատողների, ընդդիմադիրների հեռախոսներում. Մարտիրոսյան

Հայաստանում Pegasus լրտեսական ծրագրով վարակվածների մեծ մասը պետական կառույցի աշխատողներ են, ընդդիմադիր  գործիչներ, կամ լրատվամիջոցների հետ կապ ունեցող մարդիկ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Ամիսներ առաջ, օրինակ, Արթուր Վանեցյանն էր գրել, որ իր ու ընտանիքի անդամների հեռախոսները լսել են Pegasus–ով։ Երեկ էլ օրինակ, Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իմ գրառման տակ տեղադրել էր Apple ընկերության կողմից ստացված նամակը։ Բայց դեպքեր են լինում նաեւ, երբ վարակվում է նախարարության շարքային աշխատակցի հեռախոսը, անհասկանալի է, թե ինչու է նա թիրախավորվում։ Կարող են նաեւ միջազգային կառույցի աշխատողների հեռախոսները վարակել։

Ցավոք, Pegasus–ի դեպքում, անձը չի կարող հասկանալ, որ իր հեռախոսը վարակվում է, այսինքն՝ վարակվելն անխուսափելի է, իհարկե, պետք է հեռախոսը թարմացնել, դա բարդացնում է վարակումը։ Վարակվել կարող եք անգամ, եթե Whats App-ով անծանոթից զանգ եք ստանում, բայց նույնիսկ չեք պատասխանում դրան։ Եթե Apple ընկերությունից նամակ եք ստացել, ապա պետք է աբդեյթ անեք, հեռախոսն անջատեք–միացնեք, էդ կերպ վիրուսը սատկում է։ Բայց էլի կարող են վարակել։ Դեպքեր ունենք, երբ  մարդը 3–4 անգամ վարակվել է, իր երեխաների հեռախոսներում նույնպես տեղադրվել է այդ ծրագիրը»,– ասաց Սամվել Մարտիրոսյանը։

Մասնագետի խոսքով ՝ Հայաստանում Pegasus լրտեսական ծրագրով վարակվելու դեպքերը գրանցվել են դեռ 44–օրյա պատերազմի ժամանակից։ Մարտիրոսյանը բացատրեց, որ անձի հեռախոսը կարող է վարակվել, բայց նրան այդ մասին Apple ընկերությունը տեղեղեկացնի ավելի ուշ։

«Մարդը կարող է նամակ ստանալ, բայց պարզվի, որ վարակումը եղել է երկու տարի առաջ։ Կան դեպքեր, երբ վարակվելու դեպքերը կրկնվում են։ Այս օրերին ստացած նամակները վկայում են, որ ամենավերջին վարակումները կամ էլ վարակման փորձերը եղել են հոկտեմբերին»,– ասաց Սամվել Մարտիրոսյանը։

Վերջին օրերին Apple ընկերությունից նամակ ստացած 20 քաղաքացի է դիմել Սամվել Մարտիրոսյանին։ Բայց վարակվածների թիվն ավելի մեծ է, ասում է՝ Մարտիրոսյանը։ Մասնագետը կարծում է, որ Pegasus լրտեսական ծրագիրը տեղադրվում է Ադրբեջանի կողմից, որը Արցախի դեմ իրենց գործողությունների վերաբերյալ տվյալներ է հավաքագրել։

«Մենք ապացույցներ չունենք, որ Ադրբեջանն է մեր հեռախոսներում տեղադրել Pegasus լրտեսական ծրագիրը, բայց մենք ունենք երկու հստակ բան. կան միջազգային ապացույցներ, որ Ադրբեջանը կիրառել է ոչ մեր դեմ, այլ իր ընդդիմադիր գործիչների ու լրագորղների դեմ։ Այսինքն՝ ապացույցներ կան, որ Ադրբեջանը այս ծրագրի գնորդն է, երկրորդ՝ այս ծրագրի գնորդ է նաեւ Թուրքիան։ Սա նշանակում է, որ Թուրքիայից էլ կարող էր տեղադրվել այդ ծրագիրը, բայց ես եզրակացություն եմ անում ելնելով նրանից, թե ովքեր են վարակվել։ Այս ալիքը խոսում է, որ սա ամենայն հավանականությամբ կատարվել է Ադրբեջանի կողմից։ Հայաստանի մասին մենք տվյալ չունենք, որ առնում է այդ ծրագիրը։ Բայց ունենք ապացույց, որ Հայաստանը գնել է Predator լրտեսական ծրագիրը։ Google-ն ու Facebook–ը հաստատել են, որ վարակումները Հայաստանից են եղել, բայց Pegasus–ի դեպքում՝ ոչ։ Predator–ի  վարակումը ավելի բարդացված է, բայց մերոնք հաստատ օգտագործում են»,– ասաց Սամվել Մարտիրոսյանը։

  • Կիսվել: