շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանում մեկնարկեց այգեպտղաբուծության ոլորտի զարգացման ՖՐՈՒՏԵՆԻԱ ծրագիրը

Հայաստանում մեկնարկեց այգեպտղաբուծության ոլորտի զարգացման ՖՐՈՒՏԵՆԻԱ ծրագիրը

Փետրվարի 14-ին տեղի ունեցավ Հայաստանում այգեպտղաբուծության ոլորտի զարգացման ծրագրի (ՖՐՈՒՏԵՆԻԱ) պաշտոնական շնորհանդեսը:

Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ ծրագիրն իրականացնում են Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը:

Ծրագրի շնորհանդեսի ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Ավստրիական զարգացման համագործակցության փոխտնօրեն Նորա Ալանակյանը և ICARE հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանը:

Փոխնախարար Արման Խոջոյանը շեշտեց ծրագրի կարևորությունն ընդհանրապես այգեպտղաբուծության զարգացման և մասնավորապես ոլորտում նախարարության նախանշած համապատասխան ծրագրերի հաջող իրականացման առումով:

Ռեկտոր Ուռուտյանն, իր հերթին նշեց, որ ՖՐՈՒՏԵՆԻԱ ծրագիրը սկզբունքային նշանակություն ունի Ագրարային համալսարանի համար, քանի որ ծրագրի միջոցով արդիականացվելու են համալսարանի ագրոնոմիական առարկաները,  ներդրվելու են դասավանդման նոր մեթոդներ և վերապատրաստվելու են ոլորտային դասախոսներ: Նա հավելեց, որ իրականում ծրագրի գլխավոր շահառուն ուսանողն է, որին հնարավորություն կընձեռվի գործնական միջավայրում կիրառել ուսումնառության ընթացքում ձեռք բերած տեսական գիտելիքները:

Այդ նպատակով Ագրարային համալսարանի Ոսկեհատի տնտեսությունում կհիմնվի ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ պտղատու այգի:

Ծրագրի հիմնական ֆինանսավորող՝ Ավստրիայի զարգացման համագործակցության փոխտնօրեն Նորա Ալանակյանը իր խոսքում նշեց, որ իրենց գործակալությունը 2012 թվականից սկսած Հայաստանում իրականացնում է տարբեր ծրագրեր, հիմնականում գյուղատնտեսական ոլորտում՝ նպատակ հետապնդելով բարձրացնել և՛ գյուղատնտեսության զարգացման մակարդակը, և՛ արդյունավետությունը:

ՖՐՈՒՏԵՆԻԱ ծրագրի շրջանակում ստեղծվելու է նաև պտղաբուծության ոլորտում տեսակով առաջին էլեկտրոնային ուսուցման և տեղեկատվական հարթակը հայերեն լեզվով, որը հասանելի կլինի բոլոր շահառուներին՝ ֆերմերներին, ուսանողներին, փորձագետներին, ինչպես նաև լայն հանրությանը:

Չորս տարի ընդհանուր տևողությամբ ծրագիրը մեկնարկել է 2019 թ.-ի դեկտեմբերի 1-ին:

  • Կիսվել: