ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանում գնաճի տեմպերը շարունակում են բարձր մնալ՝ շուրջ 9 տոկոս

Հայաստանում գնաճի տեմպերը շարունակում են բարձր մնալ՝ շուրջ 9 տոկոս

«Հայաստանում գնաճի տեմպերը շարունակում են բարձր մնալ՝ շուրջ 9 տոկոս»,- ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը  ԱԺ-ում 2023 թվականին պետական բյուջեի նախագծի քննարկմանը կարևորեց, որ ԿԲ-ն շարունակի բարձր տոկոսադրույքների քաղաքականությունը՝ ձգտելով հաջորդ տարեվերջին վերադառնալ գնաճի համար օրենքով սահմանված 4 տոկոս չափին։

«Այս տարվա գնաճի տեմպերը շարունակում են մնալ բարձր՝ գտնվելով 9 տոկոսի սահմաններում: Տրամաբանական է, որ 2023 թվականի ընթացքում ԿԲ-ն պետք է շարունակի բարձր տոկոսադրույքների քաղաքականությունը՝ ձգտելով հաջորդ տարեվերջին վերադառնալ գնաճի համար օրենքով սահմանված 4 տոկոս չափին»,-ասաց Խաչատրյանը:

Ըստ նախարարի՝ նշված քաղաքականությունը որոշ չափով կսահմանափակի տնտեսության իրական հատվածին առաջարկվող ֆինանսական ռեսուրսները, և դրանք հասանելի կմնան հատկապես այնպիսի տնտեսական ծրագրերի համար, որոնք ունեն բարձր եկամտաբերություն և կարող են հաղթահարել ավելացող ֆինանսական ծախսերը:

Նախարար նշեց նաև, որ շարունակում են առկա լինել արտաքին միջավայրի հետ կապված զգալի մարտահրավերներ: Հայաստանի արտահանման հիմնական շուկաներում՝ ՌԴ-ում, Չինաստանում, եվրոգոտում  և ԱՄՆ-ում տնտեսական աճի միջավայրային ռիսկերը շարունակում են մնալ բավականին բարձր: Օրինակ՝ կանխատեսվում է, որ 2023-ի ընթացքում ՌԴ տնտեսությունը կկրճատվի 2.3 տոկոս, եվրոգոտում տնտեսական աճը կկազմի ընդամենը 0.5 տոկոս, Չինաստանում՝ 4.4 տոկոս, իսկ ԱՄՆ-ում՝ 1 տոկոսի սահմաններում: Ընդհանուր առմամբ, հաջորդ տարի գլոբալ տնտեսական աճը կկազմի 2.7 տոկոս, ինչն ավելի ցածր է այս և նախորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշներից:

«Համաշխարհային միջավայրի առնչությամբ առկա են նաև դրական փոփոխությունների կանխատեսումներ,  այդ թվում՝ պարենի համաշխարհային գների նվազման, միջազգային փոխադրումների շուկաներից եկող լոգիստիկ ծառայությունների հուսալիության բարձրացման, դրանց գների նվազման վերաբերյալ: Այս գործոնները կարող են նպաստավոր լինել 2023-ի ընթացքում արտաքին առևտրի ակտիվացման և դրա ազդեցությամբ տնտեսական աճի համար»,-ասաց Խաչատրյանը:

  • Կիսվել: