ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանն ու Ռուսաստանը փորձում են ընդլայնել մսամթերքի առևտրի ծավալները

Հայաստանն ու Ռուսաստանը փորձում են ընդլայնել մսամթերքի առևտրի ծավալները

Հայաստանի և Ռուսաստանի միջև  մսամթերքի առևտրի ոլորտում նոր համագործակցություններ և հնարավորություններ ստեղծելու նպատակով  ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ անցկացվեց «Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության ընդլայնման հեռանկարները մսի և մսամթերքի առևտրի ոլորտում» թեմայով քննարկում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը շեշտեց, որ դատելով թե՛ հայկական, թե՛ ռուսական արտադրողների կողմից նկատվող  ոգևորությունից, կարծում է, որ այս հանդիպման անհրաժեշտությունը կար, և հաջորդիվ նմանատիպ քննարկումները պետք է կրեն հաճախակի բնույթ:
 

«Ընդհանուր առմամբ 2021 թվականին Հայաստանը ներմուծել է շուրջ 52 800 տոննա մսամթերք, որից Ռուսաստանին բաժին է ընկնում շուրջ 12,1 տոկոսը: Եվ մեր գործընկերների հետ որոշեցինք կազմակերպել այս միջոցառումը, որպեսզի առաջատար ռուսական կազմակերպությունները հնարավորություն ունենան ծանոթանալու մեր կազմակերպությունների հետ և երկուստեք ներկայացնել հնարավոր համագործակցության ուղղությունները: Մասնակիցները նաև կքննարկեն, թե ինչպես կարող են ընդլայնել առևտրաշրջանառությունը և կամրապնդեն հետագա կապը»,- ասաց նախարարի տեղակալը:

Միջոցառմանը մասնակցում էին  Ռուսաստանի մսամթերքի արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերությունների և կազմակերպությունների գործարար պատվիրակությունը և Հայաստանի մսամթերքի արտադրության ոլորտի կազմակերպությունների և ընկերությունների, էկոնոմիկայի նախարարության և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։

Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը նշեց, որ նման հանդիպումները շատ արդյունավետ են, որի ընթացքում  նոր գործընկերներ գտնելու հնարավորություն է ստեղծվում:

«Այս հանդիպումից մենք նման հնարավորություն ենք ակնկալում, որովհետև հանդիպմանը ներկա են Ռուսաստանի թռչնաբույծների ասոցիացիայի նախագահը և մի շարք այլ կազմակերպությունների նախագահներ: Այս պահին խնդիրներ կան, որ մենք կարիք ունենք լուծելու, քանի որ մենք հիմնականում կենդանի թռչունը և թռչնամիսը ներկրում ենք ԵԱՏՄ երկրներից, հետևաբար կան հարցեր, որ պետք է ճշտվեն  հենց նման հանդիպումներում: Մենք այս պահին խնդիր ենք դրել տոհմային տնտեսության ստեղծման ուղղությամբ, որը այսօր մեզ համար խիստ անհրաժեշտ է, քանի որ մեր թռչունների գլխաքանակի ձեռքբերման մոտավորապես 80-90 տոկոսը դրսից է՝ հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից: Եվ երկրորդ խնդիրը մեր սեփական կերային բազայի անբավարարության հարցն է, որը նույնպես  կապված է Ռուսաստանի հետ: Հույս ունենք այս քննարկմանը  այս և մի շարք այլ հարցեր կստանան լուծումներ»,-ասաց Ստեփանյանը:

«Ագրոէքսպորտ» դաշնային կենտրոնի ղեկավար Դմիտրի Կրասնովը ասաց, որ համագործակցությունը իրականացվում է վաղուց, և առևտրաշրջանառությունը  Հայաստանի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի վրա է: «Համագործակցությունը գնալով մեծանում է,  և  մենք տեսնում ենք լուրջ հնարավորություններ: Մսամթերքի առևտրի ուղղությամբ համագործակցության համար մենք լուրջ հեռանկարներ ենք տեսնում: Այս պահին ունենք թռչնամսի արտահանման զգալի աճի հեռանկար: Այսօր քննարկմանը ներկա են Ռուսաստանում մսամթերքի արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր կքննարկեն համագործակցության բոլոր տարբերակները և հնարավորություն կստանան նաև այցելելու հայկական մի շարք խոշոր ընկերություններ»,-եզրափակեց Կրասնովը:

  • Կիսվել: