երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հնդկաստանն ու Ռուսաստանը կզարգացնեն համագործակցությունը միջուկային էներգետիկայի ոլորտում

Հնդկաստանն ու Ռուսաստանը կզարգացնեն համագործակցությունը միջուկային էներգետիկայի ոլորտում

 Հնդկաստանը և Ռուսաստանը մտադիր են ընդլայնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի ոլորտում՝ ներառյալ փոքր հզորության միջուկային ռեակտորները: «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Հնդկաստանում Ռուսաստանի դեսպան Դենիս Ալիպովը՝ հանդես գալով «Վալդայ» ակումբի և «Վիվեկանանդա» հիմնադրամի խորհրդաժողովում։

«Մենք հուսով ենք, որ կշարունակենք համագործակցությունը միջուկային էներգետիկայի ոլորտում` Հնդկաստանի մյուս օբյեկտներում այն ընդլայնելու և ավելի մեծ հզորության միջուկային ռեակտորներ առաջարկելու համար: «Կուդանկուլամ» ատոմակայանն ունի վեց ռեակտոր՝ յուրաքանչյուրը 1000 մեգավատտ հզորությամբ, բայց մենք նաև երկխոսություն ենք վարում փոքր միջուկային ռեակտորների շուրջ, որը բխում է Հնդկաստանի շահերից»,- ասել է նա։

Ավելի վաղ Hindustan Times հրատարակությունը, հղում անելով աղբյուրների, հաղորդել էր, որ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանիամ Ջայշանկարը, որը դեկտեմբերի վերջին այցով գտնվում էր Մոսկվայում, քննարկել է, մասնավորապես, միջուկային էներգետիկայի ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացումը։

  • Կիսվել: