հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանն ու ԱՄԷ-ն զբաղվածության ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագիր են ստորագրել

Հայաստանն ու ԱՄԷ-ն զբաղվածության ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագիր են ստորագրել

Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՀ կառավարությունից:

Փաստաթուղթը կնքվել է երկու երկրների իրավասու մարմինների՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ու Արաբական Միացյալ Էմիրությունների մարդկային ռեսուրսների և էմիրաթիզացիայի նախարար Աբդուլռահման Ալ Ավարի կողմից։

Հուշագրով կանոնակարգվում է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։

Հուշագրի շրջանակում ՀՀ կառավարությունը հանձն է առել ապահովել աշխատողների հավաքագրումն ու Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելու նախապատրաստումը, աշխատանքի ընդունման հետ կապված համապատասխան օրենքների, կանոնակարգերի ու ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը և այլն։

Արաբական Միացյալ Էմիրությունների Կառավարությունն, իր հերթին, պարտավորվել է պաշտպանել ԱՄԷ-ում ՀՀ քաղաքացիություն ունեցող աշխատողների իրավունքները` համաձայն երկրում գործող օրենքների: ԱՄԷ կառավարությունը հանձն է նաև ապահովել ՀՀ քաղաքացիություն ունեցող աշխատողների՝ Արաբական Միացյալ Էմիրություններ մուտքի ու զբաղվածության համապատասխանեցումը երկրում գործող օրենքներին, ընթացակարգերին, և կանոնակարգերին։

Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծել համակարգող հանձնաժողով, որը 6 ամսվա ընթացքում կապահովի, որ մինչև Հայաստանի Հանրապետությունից ԱՄԷ մեկնելը ՀՀ քաղաքացիություն ունեցող աշխատողներն ունենան աշխատանքի առաջարկ, որը պատշաճ կերպով ստորագրված կլինի ինչպես աշխատողի, այնպես էլ գործատուի կողմից:

  • Կիսվել: