կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանի տնտեսական կառուցվածքում էական փոփոխություններ չեմ նկատում․Տնտեսագետ

Հայաստանի տնտեսական կառուցվածքում էական փոփոխություններ չեմ նկատում․Տնտեսագետ

 Հայաստանի տնտեսության կառուցվածքը նախորդ տարիների համեմատ էական փոփոխություն չի կրել:

Այդ մասին Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած «Հայաստանի տնտեսական զարգացման միտումները՝ խոշոր հարկ վճարողների տնտեսական բաշխվածության համատեքստում» խորագրով ասուլիսում նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Բանախոսը նման եզրակացության է հանգել՝ վերլուծելով Հայաստանի խոշոր հարկ վճարողների ոլորտային բաշխվածությունը և դրա ազդեցությունը տնտեսական կառուցվածքի փոփոխության վրա: «Տասնամյակների ընթացքում ներմուծման և արտահանման պատկերը մնացել է գրեթե անփոփոխ՝ ենթարկվելով միայն ծավալային փոփոխության: Մասնավորապես, ներմուծվող ապրանքների ցանկում էական ազդեցություն ունեն 15 ապրանքատեսակ, որոնք շուրջ 12 տարի պահպանում են առաջատար դիրքերը: Այդ ապրանքատեսակներն են վառելիքը, մեքենաները (պահպանվում է ավտոմեքենաների ներմուծման աճի վերջին տարիների միտումը), սարքավորումները, հոսքագծերը, կիսաթանկարժեք քարերը, դեղորայքը, պլաստիկ հումքը և իրերը, երկաթը, պողպատը, օպտիկական բժշկական սարքավորումները, ընդեղենը, հացահատիկը, թուղթը, որոշակի կաթնամթերք, հագուստեղենը, կտորեղենը և այլն: Արտահանվել է հիմնականում հանքարդյունաբերական արտադրանք, մետաղներ, խմիչքեղեն, ծխախոտ, երկաթե մշակված իրեր, ալյումինիում, հագուստեղեն, ձկնեղեն, բանջարեղեն, պահածոներ»,- արձանագրեց Մակարյանը:

Նա նկատեց, որ Հայաստանում պաշտոնապես գրանցված է մոտ 63700 իրավաբանական անձ՝ ներառյալ շուրջ 56000 միկրոձեռնարկությունները: Դրանցից մոտ 40 հազարը ավելի շուտ ապահովում են անհատական զբաղվածություն և տնտեսությունում էական ներդրում չունեն: Ըստ Մակարյանի՝ Հայաստանի տնտեսության զարգացման և կառուցվածքի ձևավորման հարցում էական նշանակություն ունեն 6400՝ փոքր, 1060՝ միջին և 220 խոշոր ընկերություններ (251 և ավել աշխատող ունեցող):

Գագիկ Մակարյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ էապես չի փոխվել նաև 15 խոշոր հարկատուների ցանկը: Առաջատարն է հանքարդյունաբերությունը (վճարելով մոտ 70 մլրդ դրամի հարկ՝ առաջին տեղում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը): Առաջին տասնյակում են ծխախոտ արտադրող երեք ընկերություն: «Ավելացել են բանկերը, որոնց առաջխաղացումը պայմանավորված է վարկերի քանակի ավելացմամբ և տոկոսադրույքների բարձրացմամբ: Առաջին հարյուրյակում կան շինարարական ընկերություններ, բայց նրանք նկատվում են 7-րդ տասնյակից սկսած»,- ասաց նա:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահի դիտարկմամբ՝ երկրի 10 խոշորագույն հարկատուներն ապահովում են հարկերի մոտ 20 տոկոսը: Առաջին 100 հարկատուները վճարել են ընդհանուր առմամբ 2,6, իսկ բոլոր 1010 հարկատուները միասին՝ մոտ 4 մլրդ դոլարի հարկ: Մնացած մոտ 900 մլն դոլարի հարկային մուտքերն ապահովում են տնտեսության մյուս սուբյեկտները:

Գագիկ Մակարյանը եզրակացրեց, Հայաստանում տնտեսական բաշխվածությունն այնպիսին է, որ խոշոր ընկերությունները առաջատար հարկատուների ցուցակից գրեթե դուրս են մղել փոքր ձեռնարկություններին: Նա ընդգծեց, որ Հայաստանը շուկաների դիվերսիֆիկացման կարող է հասնել տնտեսության կառուցվածքի փոփոխությամբ և նոր ճյուղերի զարգացմամբ:

  • Կիսվել: