երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ճգնաժամով պայմանավորված՝ ավանդի աճի տեմպը դանդաղել է, իսկ վարկերը շարունակել են աճել. ԿԲ նախագահ

Ճգնաժամով պայմանավորված՝ ավանդի աճի տեմպը դանդաղել է, իսկ վարկերը շարունակել են աճել. ԿԲ նախագահ

Հայաստանի ֆինանսական համակարգը կարող ենք բնութագրել որպես կայուն ու դինամիկ աճող։  Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  հայտարարեց  ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա միաժամանակ ասաց, որ ֆինանսական  կազմակերպությունները՝ որպես տնտեսության մասնավոր հատվածի սուբյեկտներ, անմասն չեն մնացել համավարակի անբարենպաստ ազդեցությունից, սակայն դա չի խաթարել ֆինանսական ծառայությունների մատուցման բնականոն ընթացքը։

«Ֆինանսական կազմակերպությունների կապիտալի ու իրացվելիության  մակարդակն այս պահի դրությամբ բավարար նախադրյալներ է ստեղծում նաև այս ճգնաժամին դիմագրավելու համար»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է ակտիվներ-ՀՆԱ հարաբերակցությանը,  որոնք կարևոր ցուցանիշներ են համակարգի կարողությունները հասկանալու համար, ապա, ըստ ԿԲ նախագահի, այս տարիների ընթացքում համակարգը մոտ 6 անգամ աճել է։

Անդրադառնալով վարկերին ու ավանդներին, Մարտին Գալստյանն ասաց, որ համավարակով պայմանավորված՝ ավանդների աճը որոշակի դանդաղել է, մինչդեռ վարկերը շարունակել են աճել։

«Այստեղ մի մտավախություն ունենք, որ եթե այս առողջապահական իրավիճակը մի քիչ ավելի երկար տևի, քան մենք ակնկալում ենք, և ֆիրմաների ու տնային տնտեսությունների եկամուտները նվազեն, ապա հնարավոր է՝ վարկերի աճի տեմպը նույնպես նվազի»,- ընդգծեց ԿԲ նախագահը։

Մարտին Գալստյանը միաժամանակ նշեց, որ խնդրահարույց կամ դասակարգված վարկերի ծավալն այս պահին ընդհանուր վարկային պորտֆելում 6,3 տոկոս է կազմում։

«Մեր գնահատականներով, համավարակով պայմանավորված վարկային արձակուրդները, վարկառուների եկամուտների նվազումը կարող են հանգեցնել իրավիճակի, որ այս ցուցանիշը կբարձրանա։ Չեմ կարող ասել՝ դա այս տարի կլինի, թե ավելի ուշ, բայց նույնիսկ կարող է այս ցուցանիշն ավելի բարձր լինել, քան 10 տոկոսը»,- ասաց նա։

ԿԲ նախագահը նշեց նաև, որ ֆինանսական ծառայությունները համավարակի ժամանակաշրջանում առանց խախտումների իրականացրել են իրենց հաճախորդների սպասարկումը։

«Բանկերը կարողացան օպերատիվ աշխատել և իրենց նախաձեռնությամբ, ինչը շատ կարևոր է, հաճախորդներին տրամադրել են որոշակի վարկային արձակուրդներ։ Ֆինանսավորման աղբյուրների սղության պայմաններում բանկերը շարունակել են տնտեսության վարկավորումը, այդ թվում՝ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների իրականացնումը»,- ընդգծեց Մարտին Գալստյանը։

 

  • Կիսվել: