շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Հայաստանի 13 գիտնական վերապատրաստում կանցնի արտերկրի գիտական կազմակերպություններում

Հայաստանի 13 գիտնական վերապատրաստում կանցնի արտերկրի գիտական կազմակերպություններում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է 2023 թվականի նոյեմբերին կազմակերպված «Մասնագիտական վերապատրաստում 2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի ցանկը։  ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ֆինանսավորման է երաշխավորվել 13 ծրագիր։ 

Այսպիսով՝ Հայաստանի տարբեր գիտական կազմակերպությունների 13 երիտասարդ հետազոտող մասնագիտական վերապատրաստում կանցնի ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի, Չինաստանի և այլ երկրների առաջատար համալսարաններում ու գիտական կենտրոններում։ Ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի ցանկ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամաններով հաստատվել են ավելի վաղ կազմակերպված ևս երկու մրցույթների արդյունքները։

Մասնավորապես՝ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «Postdoc-Armenia 2024»» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված հայտերի ցանկը։ Այս մրցույթի շրջանակում ֆինանսավորման է երաշխավորվել 3 նախագիծ։ 

ԿԳՄՍ նախարարի մեկ այլ հրամանով հաստատվել է նաև «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում 2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված հայտերի ցանկը։ Այս դեպքում ևս ֆինանսավորման է երաշխավորվել 3 նախագիծ։

  • Կիսվել: