երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Հայաստան» համայկական հիմնադրամը շարունակում է դրամական աջակցություն ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին

«Հայաստան» համայկական հիմնադրամը շարունակում է դրամական աջակցություն ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին

Շարունակելով աջակցել Լիբանանի մեր հայրենակիցներին, «Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական դրամական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանում գործող 16 հայ կրթական հաստատություններին։

«Հայաստան» հիմնադրամից հայտնում են, որ Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի կողմից տրամադրված 100,000 ԱՄՆ դոլարը կուղղվի այդ կրթական հաստատությունների ուսուցիչների և անձնակազմի աշխատավարձերի վճարմանը։

Ֆինանսական աջակցությունը փոխանցվել է Լիբանանում գործող՝ «Հայ ավետարանական կենտրոնական», «Հայ ավետարանական Թորոսյան», «Ազգային Հառաջ-Գ. Գյուլբենկյան», «Ազգային Միացյալ», «ՀԲԸՄ Դարուհի Յովակիմյան», «Հայ կաթողիկե Հռիփսիմյանց», «Հայ կաթողիկե Ս. Խաչ-Գ. Հարպոյան», «Մեսրոպյան» և «Մխիթարյան» վարժարաններին, «Հայ ավետարանական», «Ազգային Եղիշե Մանուկյան», «Սահակյան Լևոն Մկրտիչյան» քոլեջներին, «Այնճարի Հայ Ավետարանական», «Վահան Թեքեյան» և «Նուբարյան» դպրոցներին, ինչպես նաև «Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան» ճեմարանին։

«Հայաստան» հիմնադրամը հավատարիմ մնալով իր համահայկական առաքելությանն ամուր կանգնած է Լիբանանում գործող հայկական կրթօջախների և լիբանանահայության կողքին: Լիբանանահայությանը օժանդակությունը սկիզբ առավ դեռևս 2019 թ.-ի դեկտեմբերին, երբ Լիբանանում խորացավ սոցիալ-տնտեսական ճգնաժամը։  Հաջորդ աջակցությունը ցուցաբերվեց 2020 թ.-ի օգոստոսին՝ Բեյրութի աղետալի պայթյունից անմիջապես հետո։ Այդ տարի շուրջ 600,000 ԱՄՆ դոլարի դրամական աջակցություն ցուցաբերվեց  տեղի հայ կրթական հաստատություններին։

2021 թ.-ի սեպտեմբերին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի ջանքերով հավաքագրվեց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը փոխանցվեց 1,000,000 ԱՄՆ դոլար՝ Լիբանանի հայ համայնքի սոցիալական, ինչպես նաև հայ կրթական հաստատությունների կարիքները հոգալու նպատակով: Սույն դրամահավաքն արձագանքն էր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի համայն հայությանն ուղղված կոչին։

Ընդհանուր առմամբ, 2019 թվականից առ այսօր, «Հայաստան» հիմնադրամը լիբանանահայության հրատապ կարիքները հոգալու համար ցուցաբերել է շուրջ 1,700,000 ԱՄՆ դոլարի աջակցություն։

  • Կիսվել: