ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայ գործարարները լավ հեռանկարներ են տեսնում Թուրքմենստանի հետ առրևտրատնտեսական համագործակցության համար. ՀԱԳՄ փոխնախագահ

Հայ գործարարները լավ հեռանկարներ են տեսնում Թուրքմենստանի հետ առրևտրատնտեսական համագործակցության համար. ՀԱԳՄ փոխնախագահ

Հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները քննարկվեցին ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետելդի Այազովի ու Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի՝ հունիսի 21-ին ՀԱԳՄ-ում կայացած հանդիպման ժամանակ։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱԳՄ  լրատվական  ծառայությունից:

«Երկկողմ տնտեսական կապերն ունեն լավ ավանդույթներ, վերջին տարիներին արձանագրվել են փոխադարձ ապրանքաշրջանառության զգալի աճ»,-նշեց Միության փոխնախագահը։ Նրա խոսքով՝ հայ գործարարները լավ հեռանկարներ են տեսնում առրևտրատնտեսական փոխգործակցության խորացման համար, առկա է դեռևս չիրացված մեծ ներուժ ամենատարբեր՝ էներգետիկ, գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, դեղագործական,  ոսկերչության, շատ այլ ոլորտներում։ Ներսես Կարամանուկյանը դեսպանին ներկայացրեց ՀԱԳՄ գործունեությունը, իրականացվող ծրագրերը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝  Մուհամետելդի Այազովը նշեց, որ տնտեսական համագործակցությունը Հայատան-Թուրքմենստան հարաբերությունների կարևորագույն ուղղություններից է։ ՀՀ-ում 4,5 տարվա իր դիվանագիտական գործունեության ընթացքում հաջողվել է իրագործել երկկողմ հիշարժան նախաձեռնություններ, սակայն կան դեռ բազմաթիվ չիրականացված հնարավորություններ։

Նրա խոսքով՝ առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանը կարող են նպաստել նաև այն լոգիստիկ ծրագրերի իրականացումը, որոնք ներկայում քննարկման փուլում են։  Արտակարգ և լիազոր դեսպանը կարևորեց երկու երկրների Արդյունաբերողների և գործարարների միությունների սերտ համագործակցությունը՝ որպես տնտեսական կապերի աշխուժացման կարևոր գործոն։

Մուհամետելդի Այազովը փոխանցեց Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Բաթիր Ատդաևի նամակը, որով նա ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանին հրավիրում է մասնակցելու նորակառույց Արկադաղ քաղաքի՝ հունիսի 29-ին կայանալիք պաշտոնական բացմանը և այդ առիթով կազմակերպվելիք միջոցառումներին։

  • Կիսվել: