շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հաստատվել են մի քանի տնտեսվարող սուբյեկտների իրացման շրջանառությունները թաքցնելու նոր հանգամանքներ․ ՊԵԿ

Հաստատվել են մի քանի տնտեսվարող սուբյեկտների իրացման շրջանառությունները թաքցնելու նոր հանգամանքներ․ ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, հետամուտ լինելով ստվերային շրջանառության դեմ ուղղված պայքարի օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, տեղեկացնում է, որ շարունակվում է դեռևս 2023 թվականի փետրվարին հայտնաբերված «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող տեղեկատվության շտեմարանի (սերվերի) հետազոտման աշխատանքները, որում արտացոլված է հարկ վճարողների իրական իրացման շրջանառությունները:

«ՀՀ պետական եկամուտների և քննչական կոմիտեներին վերապահված գործառույթների շրջանակում՝ մասնավորապես սերվերում, պարունակվող տեղեկատվության վերծանման, համապատասխան ուսումնասիրությունների, գաղտնի քննչական գործողությունների և համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաստատվել են այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից իրացման շրջանառությունները թաքցնելու նոր հանգամանքներ:

2023 թ. հուլիսից մինչև նոյեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում, համալիր հարկային ստուգումների, հարկային վարչարարության և վարույթային գործողությունների արդյունքում առանձին կազմակերպությունների կողմից արդեն իսկ ներկայացվել են ճշտված հարկային հաշվարկներ` հայտարարագրելով նախկինում թաքցրած հարկային պարտավորությունները: Արդյունքում, մասնավորապես «ԱՎԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի գծով, (ֆիրմային անվանումը «ԲՈՄՈՆԴ»),  առաջացել է շուրջ 720 մլն ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, իսկ «ՍՊԻՏԱԿԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՍՊԸ-ի գծով` 258 մլն ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Նշված 978 մլն ՀՀ դրամի չափով գումարներն ամբողջությամբ  վերականգնվել են ։

 Ընդ որում, ամենօրյա լայնածավալ աշխատանքների արդյունքում, բացի նշված ընկերություններից՝  այլ հարկ վճարողների մոտ ևս հայտնաբերվել են չհայտարարագրված շրջանառություններ, ստվերային շրջանառությունը կազմել է շուրջ 18 մլրդ դրամ, իսկ չվճարված հարկերի չափը՝ շուրջ 5 մլրդ դրամ, որից արդեն իսկ շուրջ 600 մլն ՀՀ դրամը  վերականգնվել է։

Տեղեկատվության շտեմարանից (սերվերից) վերհանված տեղեկատվության հիման վրա` հարկ վճարողների հարկային պարտավորությունների ճշտման գծով քննչական և ստուգողական վարույթները շարունակվում են:   

Պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարող սուբյեկտներին  հորդորում է զերծ մնալ հաշվապահական հաշվառման փաստաթղթերում և հարկային հաշվարկներում կեղծ տվյալներ ներառելու և իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու արատավոր երևույթից։ ՊԵԿ-ը հետևողական է լինելու հարկային մարմին ներկայացվող հաշվարկ հաշվետվություններում արտացոլված եկամուտների և ծախսերի արժանահավատությունը պարզելու հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: