շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հաստատվեց զբաղվածության 2025-2031թթ. ռազմավարական ծրագիրը. ինչ պատկեր կունենանք 2031-ին

Հաստատվեց զբաղվածության 2025-2031թթ. ռազմավարական ծրագիրը. ինչ պատկեր կունենանք 2031-ին

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 27-ի նիստում հաստատեց զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագիրը:

Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագիրը սահմանում է զբաղվածության ոլորտի զարգացման տեսլականը և դրան հասնելու արդյունավետ ճանապարհը։

Ներկայացնելով ծրագիրը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ Հայաստանում գործազրկությունը կրում է ինչպես ցիկլիկ, այնպես էլ կառուցվածքային բնույթ: Վերջինիս պատճառը աշխատաշուկայում առկա առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունն է որակական և քանակական տեսանկյունից: Աշխատուժի զգալի մասն անմրցունակ է և չունի գիտելիքների  ու մասնագիտական հմտությունների այն մակարդակը, որն անհրաժեշտ է ժամանակակից արագ փոփոխվող աշխատաշուկայի կարիքները բավարարելու համար:

Աշխատանքային ռեսուրսների թերզբաղվածներ, գործազուրկներ և պոտենցիալ աշխատուժ ենթախմբերը միասին կազմում են աշխատանքային ռեսուրսների թերօգտագործվող հատվածը, որը սույն ծրագրի թիրախն է: 2022 թվականին թերօգտագործվող հատվածը կազմել է աշխատանքային ռեսուրսների 15%-ը կամ 339 հազ․ մարդ։

Այս ցուցանիշը վկայում է չիրացված ներուժի մասին, որը, մրցունակ աշխատանք ունենալու պարագայում, կարող է նշանակալի ավելացված արժեք ստեղծել տնտեսության մեջ: Ավելին, վերոնշյալ խմբի անդամների մեծ մասի մոտ աշխատանքի բացակայությունը աղքատության ավելացման պատճառ է դառնում:

Զբաղվածության խթանման պետական քաղաքականությունը հիմնականում ուղղված է եղել վերացնելու աշխատաշուկայի խնդիրների հետևանքները և չի եղել անդրադարձ այդ խնդիրները ծնող պատճառներին: Կիրառված մոտեցումները միտված են եղել գործազրկության մեջ հայտնված բնակչությանը կրկին ապահովել աշխատանքով, այնինչ կարիք կա իրավիճակին մոտենալ համապարփակորեն և լուծել աշխատաշուկայի թե՛ առաջարկի և թե՛ պահանջարկի խնդիրները:

Որպես Ծրագրի թիրախային խմբեր որոշվել են` Մարզային քաղաքներ ներառող համայնքների բնակչությունը, Չսովորող, չաշխատող երիտասարդները, 30-39 տարեկան կանայք, Ընտանեկան ու սոցիալական նպաստ ստացող, առանց սահմանափակումների աշխատունակ շահառուները: Սա պատճառաբանվում է այս խմբերում թերօգտագործվող աշխատանքային ռեսուրսների բարձր կենտրոնացվածությամբ և դրա արդյունքում խմբերի բարձր խոցելիությամբ:

Ծրագրի տեսլականն է` Զբաղվածության աճը` մրցունակ և զբաղունակ աշխատուժի ձևավորման և բարձր արտադրողականությամբ աշխատանքային հնարավորությունների ընդլայնման միջոցով:

Ծրագրի շրջանակներում սահմանվել են հետևյալ Ռազմավարական նպատակները`

Մարզային քաղաքները ներառող համայնքներում ոչ գյուղատնտեսական, բարձր արտադրողականություն ունեցող զբաղվածության աճ:

18-29 տարեկան չսովորող, չաշխատող երիտասարդների զբաղվածության աճ՝ հմտությունների շարունակական զարգացման, դրանց իրացման հնարավորությունների ընդլայնման և արտադրողականության բարձրացման միջոցով:

Կանանց զբաղվածության աճ՝  աշխատաշուկայում նրանց ներուժի ամբողջական և երկարաժամկետ իրացման, ինչպես նաև ձեռներեցության զարգացման միջոցով` մասնավորապես թիրախավորելով միջին տարիքի (30-40) կանանց զբաղվածությունը:

Ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող, առանց սահմանափակումների աշխատունակ շահառուների ինտեգրում՝ սոցիալական նպաստի համակարգի արդյունավետության բարձրացման միջոցով:

Զբաղվածության ոլորտում պետական քաղաքականության համակարգի փոխակերպում՝ նպատակաուղղված մարդկային կապիտալի (աշխատաշուկայի առաջարկի) զարգացմանը, բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի (աշխատաշուկայի պահանջարկի) աճին, աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունների կրճատմանը:

Ռազմավարական ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում են հետևյալ ազդեցության ցուցանիշները՝

Մինչև 2031 թվականը զբաղվածության մակարդակը մարզային քաղաքները ներառող համայնքներում կհասնի մինչև 60.7% (2022 թվականի 51.2%-ի փոխարեն):

ՀՀ 20-29 տարեկան բնակչության կազմում չսովորող, չաշխատող երիտասարդների մասնաբաժինը 2031 թվականին կկազմի մինչև 19.6% (2022 թվականի 35%-ի փոխարեն):

Զբաղված կանանց մասնաբաժինը ՀՀ կին 15-74 տարեկան աշխատանքային ռեսուրսների նկատմամբ կաճի` հասնելով մինչև  50.9% (2022 թվականի 41.5%-ի փոխարեն):

Թերօգտագործվող աշխատուժը 2031 թվականին կկազմի մինչև 166.55 հազ. մարդ՝ 2022 թվականի համեմատ նվազելով միննչև 50.8%-ով և կազմելով աշխատանքային ռեսուրսների մինչև 7%-ը՝ 2022 թվականի 15%-ի փոխարեն։

Զբաղվածությունը մինչև 2031 թվականը կգերազանցի աշխատանքային ռեսուրսների մինչև 60%-ը և կավելանա 252 հազար մարդով՝ հասնելով մինչև 1,409 հազարի։

Զբաղվածության ծրագիրն էական ազդեցություն կունենա աղքատության մակարդակի վրա, որը մինչև 2031 թվականը կնվազի` հասնելով մինչև 19%-ի։

  • Կիսվել: