շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հաստատվեց մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառումը. տնտեսվարողը փոխհատուցում կստանա

Հաստատվեց մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառումը. տնտեսվարողը փոխհատուցում կստանա

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 30-ի նիստում հաստատեց մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառումը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին տարիներին ակնհայտ է դարձել ոլորտում աշխատուժի ահռելի պահանջարկը, ինչը զուգորդվում է որակավորված մասնագետների պակասով: Արդյունքում՝տնտեսավարողները ստիպված իրականացնում են նոր աշխատողի որակավորման կամ վերապատրաստման գործընթացը՝ արտադրամասում, ինչը գործատուից պահանջում է ֆինանսական, տեխնիկական և տարածքային ռեսուրսներ․ տնտեսավարողը աշխատանքի է վերցնում հմտությունների պահանջներին չհամապատասխանող մասնագետի և սովորեցնելուն զուգահեռ վճարում հասանելիք նվազագույն աշխատավարձը։

Տվյալ իրավիճակում անհրաժեշտություն է առաջացել որոշակիորեն խրախուսելու տնտեսավարողներին, որպեսզի աշխատանքի ընդունեն և վերապատրաստեն ոլորտում աշխատանքային փորձ չունեցող հնարավորինս շատ աշխատողների` մեղմելով թե՛ իրենց, թե՛աշխատաշուկայում առկա խնդիրները:

Նախագծով առաջարկվում է փոխհատուցել 12 ամսվա եկամտային հարկի գումար մշակող արդյունաբերության ոլորտի տնտեսավարողներին՝այն ՀՀ քաղաքացիների համար, որոնք․

12 ամիս անընդմեջ այդ տնտեսավարողի հետ գտնվել են աշխատանքային հարաբերությունների մեջ,

աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելուն նախորդող երեք տարվա ընթացքում չեն աշխատել մշակող արդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների հետ

Յուրաքանչյուր աշխատողի մասով 12 ամիսների եկամտային հարկի գումարի փոխհատուցումը սահմանվում է առավելագույնը 500.000 ՀՀ դրամի չափով։

Սահմանվում են նաև այլ պայմաններ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։

Նախագծով առաջարկվող կարգավորումները նպատակ ունեն աշխատողների որակավորման կամ վերապատրաստման ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով խրախուսել մշակող արդյունաբերության ոլորտի գործատուներին` ներգրավել առավել մեծ թվով պոտենցիալ աշխատողներ և շահագրգռել աշխատողներին մեկ տարի շարունակ աշխատելով իրենց մոտ՝ բարձրացնել արտադրողականությունը և գեներացնել բարձր աշխատավարձ:

Ակնկալվում է, որ մասնագետը, 12 ամիս անընդմեջ աշխատելով նույն գործատուի մոտ, ձեռք կբերի հմտություններ և կզարգացնի նոր կարողություններ:

  • Կիսվել: