հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հաշվեքննիչ պալատը պետական պարտքի կառավարման գործում արձանագրել է 37 ռիսկ

Հաշվեքննիչ պալատը պետական պարտքի կառավարման գործում արձանագրել է 37 ռիսկ

ՀՀ հաշվեքննիչ պալատը պետական պարտքի կառավարման համար 2017  և 2018 թթ. ընդգրկող ժամանակաշրջանի նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքում արձանագրել է 37փաստ, որոնք պարտքի կառավարման գործում ռիսկային են: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ասաց Հաշվեքննիչ  պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանը:

«Արձանագրել ենք 37 փաստ, որոնք վկայում են, որ պետական պարտքի կառավարման հարցում կան ռիսկեր։ Այդ ռիսկերի հիման վրա ներկայացրել ենք 44 առաջարկություններ, որոնք, ըստ հաշվեքննողների, ապագայում կարող են բարելավել պետական պարտքի կառավարման համակարգը»,- ընդգծեց նա։

Կարեն Առուստամյանը հայտնեց, որ նշեց` հաշվեքննության հիմնական նպատակն է եղել հայտնաբերել պետական պարտքի կառավարման համակարգում արդյունավետությունը բարձրացնելու բարելավման ուղիները:

Նա նաև տեղեկացրեց, որ նմանատիպ հաշվեքննություն առաջին անգամ է իրականացվում։ «2008-2018 թվականների ընթացքում պետական պարտքի ծավալը գրեթե կրկնապատկվել է։ Մեր երկիրն արդեն չի դասվում աղքատ երկրների շարքին։ Դրանով պայմանավորված՝ մենք չենք կարողանում օգտվել արտոնյալ վարկերից։ Մենք դասվել ենք միջին եկամուտ ունեցող երկրների շարքին, ինչը նշանակում է, որ պետք է առավել զգույշ լինենք և հաշվի առնենք ռիսկերը։ Նաև մեր պետական պարտքի պորտֆելի գրեթե 80%-ն արտարժույթով է, որը մեզ համար որոշակիորեն ռիսկայնություն է պարունակում»,-  ընգդծեց  Կարեն Առուստամյանը։

  • Կիսվել: