երեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2024
Հարկ վճարելու արդյունքում է կայանում և հզորանում պետությունը. ՀՀ ֆինանսների նախարար

Հարկ վճարելու արդյունքում է կայանում և հզորանում պետությունը. ՀՀ ֆինանսների նախարար

Հարկեր-ՀՆԱ ցուցանիշը կազմել է 23,9 տոկոս և բարելավվել է նախորդ տարվա համեմատ 0,7 տոկոսային կետով: Սա լա՞վ է, թե՞ վատ: Դիտարկենք ըստ համեմատության: Զարգացած երկրներում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը միջինում կազմում է 34 տոկոս: Այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՀՀ 2023 թվականի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացմանը:

«Ինչպե՞ս կարող են զարգացած երկրները միջինում հավաքել 34 տոկոս հարկ և շարունակել լինել զարգացած երկրի կարգավիճակում, իսկ Հայաստանում այս կամ այն ոլորտի կողմից առաջ բերվեն հարկային արտոնություններ ստանալու առաջարկներ, առանց որոնց հայկական ապրանքները կամ ծառայությունները չեն կարող լինել մրցունակ միջազգային շուկայում: Ավելին, ստացվել է այնպես, որ նախկինում տարբեր իրավիճակներում և տարբեր հանգամանքների բերումով լայն շրջանակներին տրամադրվել են հարկային արտոնություններ, սակայն հետագայում պատշաճ վերլուծություն և հանրային քննարկում չեն կազմակերպվել այն հարցերի շուրջ, թե արդյոք այդ արտոնությունների շարունակական, անվերջ կիրառումը հիմնավորվո՞ւմ է արդյունավետության, արդարության և ներկայիս առաջնային նպատակներին հասնելու համատեքստում»,- հարց բարձրացրեց նախարարը՝ ընդգծելով, թե պարզ չէ անգամ, թե ովքեր են այդ արտոնությունների իրական շահառուները՝ բիզնե՞սը, թե՞ սպառողները:

Նրա խոսքով՝ արտոնություններն աստիճանաբար վերացնելու օբյեկտիվ հարց է ծագում:

«Պարզագույն տրամաբանություն է այն, որ հարկ վճարելու արդյունքում է կայանում և հզորանում պետությունը: Ավելի պարզ տրամաբանություն է այն, որ որքան շատ հարկեր, այնքան զարգացած և առաջադեմ պետություն: Հարց է մնում այն, թե արդյոք տնտեսվարողն ունի՞ այն միջավայրը, որտեղ կարող է դառնալ մրցունակ և ապահովել իր պետության զարգացումն ու կայունությունը: Մեր աշխատանքը հենց դրան է ուղղված»,- նշեց Հովհաննիսյանը:

Ինչո՞ւ Հայաստանի տնտեսվարողը չի կարողանում մրցունակ լինել եվրոպական շուկայում 23,9 տոկոս հարկեր-ՀՆԱ պարագայում, հարց բարձրացրեց նախարարը, պատասխանեց՝ դրա համար կան հասկանալի պատճառներ, որոնց ուղղությամբ պետք է ներդնենք բոլոր ջանքերը:

«Տարընթերցման տեղ չթողնելու համար նորից եմ ընդգծում, որ մենք նախևառաջ ջանք ենք գործադրում արտադրողականության բարձրացման, տնտեսվարողի գործունեությունը բարենպաստ պայմաններում զարգացնելու միտումն ու շարժառիթները ամրապնդելու ուղղությամբ, և միայն այս երկու հանգամանքների համադրության արդյունքում է, որ փորձում ենք ապահովել այնպիսի հարկային քաղաքականություն, որ ծառայելու է Հայաստանի տնտեսական զարգացմանն ու կայունությանը»,- ընդգծեց ֆինանսների նախարարը:

Նա հույս հայտնեց, որ վերջին տարիներին իրականացրած ծրագրերը ապահովելու են անցնցում այս անցումը, և հարկատուն ջանասիրաբար է գործելու հարկ վճարելու իր պատասխանատվության շրջանակում:

  • Կիսվել: