երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հարգե՛ք մեր ողջամիտ կասկածները՝ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ. Սամսոնյանը՝ Նազարյանին

Հարգե՛ք մեր ողջամիտ կասկածները՝ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ. Սամսոնյանը՝ Նազարյանին

Այսօր ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ Երևանի քաղաքապետարանի կողմից նվեր ստացած «ԿամԱԶ»-ների թեմային և հիշեցրեց, որ 2017 թ. ինքը և այն ժամանակ Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը դիմել էին «Երևան» հիմնադրամին, որը Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնադրամ էր, որ տրամադրեն նվիրատվությունների ցանկը, սակայն իրենց մերժել էին:

Նա նշեց, որ իրենց խնդիրն էր պարզել՝ արդյոք այդ նվիրատվություններն անշահախնդի՞ր էին և դրա դիմաց ընկերությունները կամ անհատները չէի՞ն ստացել արդյոք ինչ-որ արտոնություններ: «Այդ տեղեկությունը հրաժարվեցին տրամադրել, մենք դիմեցինք դատարան և մինչ դատական տարբեր փուլերում էինք գտնվում, տեղի ունեցավ հեղափոխությունը, և ԱԱԾ-ն առգրավեց «Երևան» հիմնադրամի փաստաթղթերը, հիմնադրամը փակվեց, և մինչև հիմա այդ փաստաթղթերը հանրայնացված չեն»,-նշեց Նազարյանը:

Նա նաև ասաց, որ երբ իրենք այն ժամանակ որպես խնդիր տեսնում էին ոչ թե նվիրատվությունը, այլ գաղտնիությունը և դրա դիմաց ինչ-որ բան ստանալու հնարավոր փոխկապակցվածությունը: «Մենք չունեինք տեղեկություն՝ հասկանալու համար, թե ովքեր են ստացել նվիրատվություններ, այդ նվիրատվություններին արդյոք հաջորդել և նախորդե՞լ են արտոնություններ, թե՞ ոչ: Երևանի քաղաքապետարանին տրված նվիրատվության հետ կապված ես կարող եմ ասել, որ ամբողջ տեղեկատվությունը բաց և հասանելի է, մեզ հայտնի է, թե ովքեր են տվել նվիրատվություններ, և հայտնի է, թե ինչ թույլտվությունների են տիրապետում այդ կազմակերպությունները»,- ասաց նա:

Նազարյանի խոսքով՝ մնում է միայն պատասխանել հարցին՝ այդ ընկերությունները եթե նվերներ չտային, կստանայի՞ն այդ թույլտվությունները:

Նա, մասնավորապես, ասաց. «Ես կարծում եմ, որ, այո, կստանային, քանի որ նրանց պահանջն օրինական է եղել: Կոռուպցիոն գործարք կարելի է անվանել այն գործարքը, երբ մեքենաների նվիրումը տեղի է ունեցել անօրինականության թույլտվության դիմաց, անօրինական թույլտվություն չի եղել, ես չգտա որևէ ապացույց, եթե կա ապացույց, որ այդ թույլտվությունները կամավոր չեն ու տրվել են շանտաժի դիմաց, ապա դուք գիտեք այդ ընկերությունների տեղը, գնացեք, բացահայտեք, նրանք կխոսեն՝ իմանալով, որ այլ ընկերություններն առանց այդ նվերների են ստացել թույլտվությունը»:

Ամփոփելով իր խոսքը՝ Նազարյանն ասաց. «Ես նաև հասկանում եմ, որ շատ դժվար է լինել ընդդիմություն մի կառավարող ուժի համար, որը թափանցիկ է գործում և ցանկացած տեղեկություն հասանելի է դարձնում հասարակությանը»:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ շնորհակալություն հայտնեց Նազարյանին՝ ասելով. «Դուք այս ամբիոնից չէիք խոսելու կոռուպցիոն ռիսկերի և «ԿամԱԶ»-ների մասին, եթե չլիներ «Լուսավոր Հայաստան»-ի բացահայտումը: Եթե Դուք խոսում եք քաղաքապետի թափանցիկ գործելաոճի մասին, ես ուզում եմ հիշեցնել, որ մենք բացահայտեցինք այդ թեման, և եթե մենք չհրապարակեինք դա, ձեզանից շատերը չէին իմանալու այդ մասին»:

Սամսոնյանը նաև շնորհակալություն հայտնեց Նազարյանին՝ 2017-ին նրա և Արայիկ Հարությունյանի ջանքերի համար. «Այն, որ դուք տեսնում էիք կոռուպցիոն ռիսկեր նվիրատվությունների և տարբեր շինթույլտվությունների վերաբերյալ, շատ լավ է: Դուք նաև նշեցիք, որ չեք ունեցել տեղեկատվություն, բայց ունեցել եք ողջամիտ կասկածներ և ձեր ողջամիտ կասկածները կոռուպցիոն ռիսկերի մասին գնահատել ենք մենք, և պահպանել ենք: Հիմա ձեզ ասում ենք՝ հարգե՛ք մեզ, մեր ողջամիտ կասկածներն այդ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ»:

  • Կիսվել: