ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«ՀԱՓԿ» մասնագետները Դամասկոսում 390 հազար քմ տարածք են մաքրել չպայթած զինամթերքից

«ՀԱՓԿ» մասնագետները Դամասկոսում 390 հազար քմ տարածք են մաքրել չպայթած զինամթերքից

Սիրիայի Արաբական Հանրապետության Դամասկոս Նահանգի Դարայա բնակավայրում դեռևս 2016 թվականից դադարել էին մարտական գործողությունները, սակայն տարածքում առկա չպայթած զինամթերքի հետևանքով այն շարունակում էր մնալ վտանգավոր և տեղաբնակների համար փաստացի անհասանելի:

2021 թվականի հոկտեմբերին ՀՀ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Դամասկոսում ՄԱԿ-ի ականազերծման գրասենյակի միջև կնքված պայմանագրով «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը ստանձնեց չպայթած զինամթերքից մոտ երկու միլիոն քառակուսի մետր տարածքների մաքրման և այն տեղական իշխանություններին հանձնելու գործը:

2022 թվականի դեկտեմբերի 1-ին Սիրիայի տեղական իշխանություններին արդեն իսկ հանձնվել է մակերեսային մեթոդով մաքրված ավելի քան 2 000 000 մ² և ենթամակերեսային ավելի քան 1 400 000 մ² գյուղատնտեսական նշանակության տարածքներ:

2023 թվականի ապրիլի 27-ին տեղի է ունեցել ընթացիկ տարվա աշխատանքների արդյունքում 390 000 մ² մաքրված տարածքի հանձնման հանդիսավոր արարողությունը։

Կատարված աշխատանքների իրականացման ընթացքում հայտնաբերվել էին տարբեր տեսակի 70 հատ ինքնաշեն և գործարանային արտադրության չպայթած զինամթերքներ, որոնք «ՀԱՓԿ» ՊՈԱԿ մասնագետների կողմից սահմանված կարգով տեղափոխվել են նախանշված հատուկ տարածք: 

Այդ միջոցառմանը ներկա են գտվել Սիրիայի Արաբական Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարներ, Սիրիայում հավատարմագրված օտարերկյա միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Տեղական իշխանություների ներկայացուցիչներն իրենց խոսքում շնորհակալություն են հայտնել Հայաստանի Հանրապետությանը՝ ցուցաբերած բացառիկ աջակցության համար:

«Հայ ականազերծողների շնորհիվ է, որ այսօր հազարավոր մարդիկ վերադարձել են իրենց բնակավայրերը և շարունակում են զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով և դրա արդյունքում հետզհետե բարելավում է նրանց սոցիալական վիճակը» - իր խոսքում նշել է նահանգային իշխանության ներկայացուցիչ Հասան Ալ Ջասեմը:

 Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել մաքրված տարածքների հանձնման-ընդունման վկայականի քառակողմ ստորագրման հանդիսավոր արարողությունը, որը ՀՀ-ի կողմից ստորագրել են «ՀԱՓԿ» ՊՈԱԿ, սիրիական «Սեֆթի Սոլուշըն» ընկերության, Դամասկոսի նահանգային իշխանության, Սիրիայում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչները և ծրագրի որակի պատասխանատուները:

Սիրիայի Արաբական Հանրապետությունում «ՀԱՓԿ» ՊՈԱԿ կողմից իրականացվող աշխատանքները շարունակվում են:

  • Կիսվել: