չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հանրային տրանսպորտը կրկին կփոխանցվի մասնավոր ընկերություններին

Հանրային տրանսպորտը կրկին կփոխանցվի մասնավոր ընկերություններին

Կառավարությունը վերանայում է ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների գործող կարգավորումները` ոլորտի կառավարումը հանձնելով մասնավոր կազմակերպությւններին։
Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
 
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» գործող օրենքով սահմանված է, որ օպերատորը 100 տոկոս համայնքային կազմակերպություն է, իսկ երթուղիների սպասարկման իրավունքը կազմակերպություններին տրամադրվում է միայն մրցույթով:
Այս կարգավորումներով համայնքների կողմից կազմակերպվող մրցույթները չեն կայանում հայտերի բացակայության պատճառով, և համայնքները փաստացի մնում են առանց տրասնպորտային սպասարկման։
Խնդրի լուծման համար կռավարությունն առաջարկվում է գործող օրենքում ներհամայնքային երթուղիների սպասարկման կազմակերպման ընտրությունը կատարել ոչ միայն մրցույթով, այլև գնման ընթացակարգով։
 
Նոր օրենքով` ուղևորների վճարված փոխադրավարձն ամբողջությամբ վճարվելու է համայնքի բյուջե և փոխադրող կազմակերպությունը համայնքից ստանալու է իր ծառայության ֆիքսված գնման գործընթացի շրջանակներում սահմանված վճարը՝ անկախ փոխադրված ուղևորների քանակից: Պայմանագիրը կնքվելու է 5-10 տարի ժամկետով, տրանսպորտային միջոցների տարիքը չպիտի գերազանցի 10 տարին։
Առաջարկվում է կանոնակարգել նաև 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպությունների կողմից ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների սպասարկման պահանջը և նման իրավունք վերապահել ցանկացած կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ։
 
Օրենքի փոփոխությունների ընդունման արդյունքում, կառավարության համոզմամբ, կբարձրանա կանոնավոր ուղևորափոխադրումների որակն ու արդյունավետությունը։ Իսկ յուրաքանչյուր կիլոմետրի համար ֆիքսված վճար ստանալով` փոխադրողն այլևս շահագրգիռ չի լինելու տեղափոխել թույլատրելի քանակից ավել ուղևորներ, կայանել կանգառից դուրս կամ կատարել այլ խախտումներ: Համայնքի ավագանին իր հերթին հնարավորություն կունենա սահմանել արտոնություններ որոշ ուղևորների համար (ըստ սոցիալական խմբերի), ինքնուրույն որոշել ուղեվարձի չափը։
Նշենք, որ օրենքի ընդունման դեպքում այն կտարածվի ոչ միայն մարզային, այլև երևանյան տրանսպորտի վրա։

  • Կիսվել: