ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հանքավայրերի մասնատումը պետք է բացառել. Պապիկյան

Հանքավայրերի մասնատումը պետք է բացառել. Պապիկյան

Գործադիրի այսօրվա նիստում հավանության են արժանացել «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

Ինչպես նշեց  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, օրինագծերը միտված են ընդերքը ռացիոնալ և արդյունավետ օգտագործելուն:

«Առաջարկվում է ընդերքի ռացիոնալ օգտագործման նպատակով հնարավորինս բացառել հանքավայրերի կամ տեղամասերի մասնատումը և պաշարները տրամադրել ողջ հաշվեկշռային ծավալով: Սա մի կարևոր պատճառ ունի: Նախկինում եղել են դեպքեր, երբ հաստատված պաշարը, տարածքը բաժանվել է մի քանի հատվածների, ինչը հնարավորություն է տալիս ավելի բարձր արդյունավետություն ունեցող հատվածներն օգտագործել, իսկ ավելի ցածր տոկոսայնություն ունեցողները՝ թողնել: Նման դեպքերն այս նախագծով կբացառվեն»,- ասաց Սուրեն Պապիկյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ արդյունահանման թույլտվություններ կտրամադրվեն միայն այն հանքավայրերի դեպքում, որտեղ մետաղականի համար վերջին 5 տարվա ընթացքում գնահատվել ու հաստատվել են պաշարներ, իսկ ոչ մետաղականի դեպքում՝ վերջին 10 տարվա ընթացքում:

«Սա արվում է այն նպատակով, որ ցանկացած գործարար, որը իսկապես ցանկանում է ներդրում կատարել և արդյունավետ շահագործում իրականացնել, նախ իրականացնի համապատասխան ուսումնասիրություն, քանզի ՀՀ-ում բոլոր ուսումնասիրությունները հիմնականում կատարվել են 50-ական թվականներին»,- ընդգծեց Սուրեն Պապիկյանը:

  • Կիսվել: