կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Զբոսաշրջության մասին» եւ կից նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակին

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Զբոսաշրջության մասին» եւ կից նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակին

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստում շարունակել է նախորդ օրն ընդմիջված «Զբոսաշրջության մասին» եւ կից նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը:

Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ օրենսդրական փաթեթն առանցքային նշանակություն կունենա ոլորտի զարգացման գործում: Ըստ նախարարի` փաթեթն ընդգծում է առաջիկա բնագավառի` 5-10 տարիների զարգացման ուղղություններն ու հեռանկարները:

Անդրադառնալով պատգամավորների ներկայացրած առաջարկներին` Վահան Քերոբյանը փաստել է, որ դրանց հիմնական մասն ընդունվել է ամբողջությամբ, իսկ մյուս մասը հաշվի է առնվել: Նրա խոսքով լրամշակված օրենսդրական փաթեթը կոնսեսուսային տարբերակ է:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Թադեւոս Ավետիսյանը հետաքրքրվել է` որքա՞ն բեռ դա կավելացնի փոքր ու միջին ձեռնարկատիրության վրա:

Ի պատասխան` ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ օրենսդրական փաթեթի կիրարկումը կնպաստի զբոսաշրջությամբ զբաղվող փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը: Վահան Քերոբյանի հավաստմամբ Կառավարությունն ունի ծրագիր, որով սուբսիդավորվում են ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունները:

Ընդգծվել է նաեւ բնագավառում Կառավարության վերահսկողական գործառույթների իրականացման կարեւորությունը:

Մտքերի փոխանակությանը պատգամավորները հիմնականում շեշտադրել են ոլորտի օրենսդրորեն կարգավորման անհրաժեշտությունը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը կարեւորել է օրենսդրական փաթեթի վրա միասնական, համակողմանի, արդյունավետ աշխատանքը:

Հանձնաժողովականները քվեարկությամբ նախ ընդունել են ներկայացված բոլոր առաջարկները, ապա դրական եզրակացություն են տվել «Զբոսաշրջության մասին» եւ կից նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակին:

  • Կիսվել: