շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել հարկային ոլորտը կարգավորող հերթական օրենսդրական նախաձեռնությանը

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել հարկային ոլորտը կարգավորող հերթական օրենսդրական նախաձեռնությանը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 15-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել թեթեւ մարդատար մեքենաների ձեռքբերման կամ ներմուծման մասով ԱԱՀ-ի հաշվանցումների համար օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ եւ 10-րդ կետերով սահմանված սահմանափակումները, որոնք վերաբերում են ոչ իրացման նպատակով ձեռքբերված թեթեւ մարդատար ավտոմեքենաներին:

Բացի այդ կփոփոխվեն ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704, 8705 ծածկագրերին դասվող տրանսպորտային միջոցների՝ ՀՀ ներմուծման համար բնապահպանական հարկի դրույքաչափերը:

Հիմնական զեկուցող, ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը փաստել է, որ առաջին ընթերցումից հետո գրավոր առաջարկներ չեն ներկայացվել:

Հարակից զեկուցող, պատգամավոր Դավիթ Առուշանյանը գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:

Պատգամավորները մտահոգություն են հայտնել որոշ տնտեսվարողների կողմից մեքենաների ձեռքբերման եւ վաճառքի գների տարբերությունը երբեմն թաքցնելու վերաբերյալ: Ի պատասխան նշվել է, որ ՊԵԿ-ի կողմից իրականացվող համալիր ստուգումները հնարավորություն են տալիս վերհանել բազմաթիվ խնդիրներ:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել եւ ընդունվել էր Ազգային ժողովի նոյեմբերի 14-ի հերթական նիստում:

  • Կիսվել: