կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կդյուրացվի ՀՀ-ից հայկական ընկերությունների մասնակցությունը ԵԱՏՄ շուկայում տեղի ունեցող պետական և մունիցիպալ գնումներին

Կդյուրացվի ՀՀ-ից հայկական ընկերությունների մասնակցությունը ԵԱՏՄ շուկայում տեղի ունեցող պետական և մունիցիպալ գնումներին

Ընդհանուր առմամբ սա պետք է դյուրացնի Հայաստանի Հանրապետությունից հայկական ընկերությունների մասնակցությունը ԵԱՏՄ շուկայում տեղի ունեցող պետական եւ մունիցիպալ գնումներին: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 19-ի հերթական նիստում քննարկման ներկայացնելով «Պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Համաձայնագրով կարգավորվում են պետական (մունիցիպալ) գնումների իրականացման նպատակով անդամ պետությունների կողմից տրամադրված բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման հետ կապված փոխհարաբերությունները:

Մասնավորապես, սահմանվում են բանկային երաշխիքի տրամադրման ընթացակարգերը, երաշխիք տված անձին ներկայացվող պահանջները, անդամ պետության բանկային երաշխիքների ռեեստրը վարելու կարգը եւ այլն:

Համաձայնագրի գործողությունը չի տարածվում այն պետական (մունիցիպալ) գնումների վրա, որոնց մասին տեղեկությունները, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, պետական գաղտնիք են կազմում, ինչպես նաեւ անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի կողմից իրականացվող գնումների վրա:

Համաձայնագրի նպատակն է ապահովել անդամ պետության տարածքում գրանցված հնարավոր մատակարարների անարգել մասնակցությունը մյուս անդամ պետությունում անցկացվող պետական (մունիցիպալ) գնումներին՝ նպաստելով անդամ պետությունների տնտեսական շահերի առաջմղմանը եւ պատվիրատուների իրավունքների պատշաճ պաշտպանությանը:

Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզական Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ:

Պատգամավորները հետաքրքրվել են, թե համաձայնագրի ընդունումից հետո ԵԱՏՄ երկրներում հայաստանցի տնտեսվարողները ՀՀ բանկերի երաշխիքով կարող են մասնակցել պետական գնումների, տենդերների կամ շինարարական աշխատանքների, ինչին փոխնախարարը դրական պատասխան է տվել: Փոխնախարարի պարզաբանմամբ բանկի տված երաշխիքը տվյալ երկրի կողմից կարող է չընդունվել միայն այն դեպքում, եթե այն չհամապատասխանի սահմանված պահանջներին: Օրինակ՝ եթե տվյալ բանկի կապիտալը ցածր է 50 մլն դոլարից կամ տվյալ բանկն ընկել է «սեւ ցուցակ» եւ այլն:

 

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: Այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Հեղինակի առաջարկով հետաձգվել է պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Արուսյակ Մանավազյանի, Նարեկ Գրիգորյանի եւ Էդգար Հակոբյանի հեղինակած ««Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քվեարկությունը՝ կից օրենսդրական փաթեթով:

  • Կիսվել: