հինգշաբթի, հունիս 30
30 / 6 / 2022
Հակոբ Սիմիդյանն հանդիպել է Ֆրանկ Մյորշլի ղեկավարած պատվիրակությանը

Հակոբ Սիմիդյանն հանդիպել է Ֆրանկ Մյորշլի ղեկավարած պատվիրակությանը

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն հանդիպել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) էներգետիկայի և բնական պաշարների պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլի ղեկավարած պատվիրակության և KfW բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և նախարարության գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանը։

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է KfW-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) դրամաշնորհային ծրագիրը, որը միտված է Սյունիքի մարզի թվով 7 բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) կարողությունների հզորացմանն ու կառավարման բարելավմանը, ինչպես նաև վերոհիշյալ ԲՀՊՏ-ների բուֆերային գոտու 32 համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը։

Ինչպես նաև անդրադարձ է կատարվել «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրին, որի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 26 մլն եվրո, որը տրամադրվել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից՝ KfW միջոցով: Նախքան հանդիպման օրակարգային հարցերին անցնելը, նախարար Հակոբ Սիմիդյանը ողջունել է գործընկերներին և տեղեկացրել, որ վերոնշյալ երկու ծրագրերն այսուհետ գտնվելու են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի համակարգման ներքո։

Նախարարն իր խոսքում նշել է, որ Հայաստանի Հանրապետության համար չափազանց կարևոր այս երկու ծրագրերի իրականացման ամբողջ ընթացքը գտնվելու է իր անմիջական ուշադրության կենտրոնում, և որ ինքը հետամուտ կլինի որպեսզի ծրագրի ընթացքը դրվի ինստիտուցիոնալ հիմքի վրա և առաջացող խնդիրներին տրվեն սպառիչ և վերջնական լուծումներ։

Նախարարը նաև նշել է, որ խիստ հետևողական է լինելու, որպեսզի պահպանվեն ծրագրերի տարբեր փուլերի իրականացման ժամկետները։ Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և նախարարության գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանը պատվիրակության ներկայացուցիչների հետ առավել մանրամասն քննարկել են ծրագրերին վերաբերող աշխատանքային հարցեր։ Կողմերը վերահսատատել են իրենց պատրաստակամությունը նպաստել ծրագրերի անխափան և արդյունավետ ընթացքին։

  • Կիսվել: