երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գյումրու օդանավակայանի թռիչքուղին ունի որոշակի մասնագիտական դժվարություն, և բոլոր ինքնաթիռները, օդաչուները չէ, որ կարող են վայրէջք կատարել. Սանոսյան

Գյումրու օդանավակայանի թռիչքուղին ունի որոշակի մասնագիտական դժվարություն, և բոլոր ինքնաթիռները, օդաչուները չէ, որ կարող են վայրէջք կատարել. Սանոսյան

Գյումրու օդանավակայանում լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվել, և հիմա էլ շինարարությունն ընթացքի մեջ է: Թռիչքուղին ամբողջովին վերանորոգվել ու հիմնանորոգվել է, շինարարության ավարտին թե՛ մուտք գործող ուղևորները, թե՛ ելքից օգտվողներն ամբողջովին բարեկարգված հատվածներով կանցնեն: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Խաչատրյանի դիտարկմանը, թե Գյումրու օդանավակայանի շենքը 1982 թվականին է շահագործման հանձնվել, որից հետո խոշորածավալ շինաշխատանքեր չէին իրականացվել, և թռիչքուղին ոչ բարվոք վիճակում էր, բայց 2021 թվականին թռիչքուղու ամբողջական հիմնանորոգում իրականացվեց, շահագործման հանձնվեց ժամանակակից սրահ, բայց թռիչքների թիվն այդպես էլ չավելացավ: Պատգամավորը հետաքրքրվեց՝ կա՞ ծրագիր թռիչքների ավելացման ուղղությամբ:

«Այո՛, սպասելիքները դեռ չեն արդարացել, որ կարող են շատ ավելի շատ թռիչքներ լինել: Ընդ որում՝ մի տեխնիկական խնդիր էլ կա, այնուամենայնիվ. այդ թռիչքուղին ունի որոշակի մասնագիտական դժվարություն, և բոլոր ինքնաթիռները, բոլոր օդաչուները չէ, որ կարող են վայրէջք կատարել [Գյումրու օդանավակայանում], այսինքն՝ որոշակի մասնագիտական սահմանափակումներ կան:

Այնուամենայնիվ, մենք վերջին տարիներին բավականին դրական աճ ունենք: Նախորդ տարի ևս մեծ աճ է գրանցվել, և այդ միտումը շարունակվում է:

Ուրախալի է, որ հայկական ավիաուղիները դրանցում իրենց մասնակցությունն ունեն, և հիմա ամեն 3-րդ ուղևորը տեղափոխվում է որևէ ավիաըկերությունով»,- ասաց նա:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ Կառավարությունում կա մի գործընթաց՝ կապված «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների հետ, քննարկվում է շենքային ընդլայնման հարցը:

«Բայց նաև կա ակնկալիք, որ Գյումրու օդանավակայանն ավելի շատ կսկսվի օգտագործվել և իր դերը կմեծացնի, երբ Երևան-Գյումրի, Հյուսիս-հարավ ճանապարհն ավարտենք, և ավելի կարճ ժամանակում մարդիկ կարողանան հասնել Գյումրի, ինչն իր նպաստը կբերի, որ մի շարք ավիաընկերություններ, հաշվի առնելով, որ Գյումրու օդանավակայանից կան արտոնություններ, և տոմսի արժեքը մատչելի կլինի, այդ հանգամանքն օգտագործելով, կսկսեն այդ ուղղության նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերել»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: