չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Գյուղոլորտի ներդրումներն անմիջապես արդյունք չեն տալիս. Էկոնոմիկայի նախարարը հակադարձեց պատգամավորին

Գյուղոլորտի ներդրումներն անմիջապես արդյունք չեն տալիս. Էկոնոմիկայի նախարարը հակադարձեց պատգամավորին

Կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերը մեծ պահանջարկ ունեն։ Այս մասի այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, թե ինչու են գյուղատնտեսական ոլորտի ծրագրերն անարդյունավետ։

Պատգամավորը նշեց նաև, որ գյուղատնտեսության ոլորտում անկում կա, մինչդեռ նախորդ տարին բարենպաստ էր թե աշխարհում, թե Հայաստանում։ «Սա նշանակում է, որ կամ ծրագրեր են անարդյունավետ, կամ ընդհանրապես չեք թիրախավորում գյուղատնեսության ՀՆԱ-ի աճի նպաստումը որպես ցուցանիշ»,- ասաց պատգամավորը։

Տիգրան Խաչատրյանի խոսքով, այս պահի դրությամբ գյուղատնտեսության մեջ մոտ 60 միլիարդ ծավալով վարկեր ամբողջովին սուբսիդավորվում են Կառավարության կողմից։

Այդ վարկերն, ըստ նրա, տնտեսություններին են հասնում 0 , 2  կամ 3 տոկոս տոկոսադրույքներով։ «Դրանք հասնում են գյուղացիական տնտեսություններին՝ պայմանով, եթե այդ տնտեսություններն այդ վարկերի հաշվին ձեռք են բերել գյուղատնտեսական տեխնիկա կամ օգտագործել են կաթիլային ոռոգում, տնկել են ինտենսիվ այգիներ կամ ձեռք են բերել տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ։ Այսինքն՝ այս ծրագրերի արդյունքում  իրականացվում է գյուղացիական տնտեսություն վարելու նոր վարքագիծ, որը պետք է լինի ավելի արտադրողական»,- ընդգծեց Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ այդ ծրագրերի ազդեցությունը միանգամից չի զգացվում, քանի որ, օրինակ, եթե տնկվում է ինտենսիվ այգի, ապա միանգամից առաջին տարում բերք չի լինում։

«Ինձանից լավ գիտեք, որ ներդրումներն անմիջապես արդյունք չեն տալիս։ Մենք փոխում ենք գյուղացիական գործունեություն վարելու վարքագիծը՝ միջին և ավելի երկարաժամկետ հատվածում, որպեսզի աշխարհին համահունչ գյուղատնտեսություն ունենանք»,- ասաց նախարար։

  • Կիսվել: