կիրակի, հուլիս 14
14 / 7 / 2024
Գյուղատնտեսությունն Արմավիրի մարզում զբաղվածության ապահովման հիմնական ոլորտն է․ մարզպետ

Գյուղատնտեսությունն Արմավիրի մարզում զբաղվածության ապահովման հիմնական ոլորտն է․ մարզպետ

Հայաստանի Արմավիրի մարզում տարեցտարի աճում են պտուղ-բանջարեղենի   վերամշակմամբ զբաղվող մանր ու միջին ձեռնարկությունների թիվն ու արտադրանքը։

Այս մասին «Արմենպրես»-ի  թղթակցի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը՝  հավելելով, որ գյուղատնտեսության ոլորտում մարզի բնակիչների հիմնական զբաղմունքը հողագործությունն է։

«Մարզի տարածքն ընդգրկում է 96 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ, որից մոտ 43-44 հազար հեկտարը մշակվել է 2022-2023 թվականներին։ Այս ծավալը, որոշակի փոփոխություններով, գրեթե նույնությամբ պահպանվել է վերջին 5 տարիների ընթացքում»,-հայտնեց մարզպետը։

431153965_973864180972092_3993056692456872940_n.jpg (240 KB)

Նրա խոսքով՝ վերջին տարիներին մասնավորապես շատ են ավելացել տնայնագործական ընկերությունները, որոնք զբաղվում են պտուղ-բանջարեղենի մշակմամբ, չրագործությամբ։

Կան նաև մոտ մեկ տասնյակի հասնող փոքր գինեգործական ընկերություններ, որոնք և՛ աշխատատեղեր են ապահովում, և՛ մթերումներ իրականացնում, ինչն, ըստ Խուդաթյանի, էականորեն բարելավում է գյուղատնտեսության վիճակը։

Հողագործությունն այստեղ ընդգրկում է ավանդական մշակաբույսերի տեսակները։ Բացի այդ՝  որոշ տարածաշրջաններում նաև առանձնահատուկ մշակաբույսեր են աճեցվում։ Մասնավորապես՝ Բաղրամյանում մեծ հողատարածքների վրա տնտեսվարողները սկսել են նուշ և պիստակ մշակել, որոնք նախկինում մարզին բնորոշ մշակաբույսեր չէին համարվում։ Հիմնական մշակաբույսերն, այդուհանդերձ, շարունակում են մնալ պտուղ-բանջարեղենը, ընդ որում՝ խաղողը։

Հողագործության ակնառու ձեռքբերումներից մարզպետը նշեց ջերմոցային տնտեսությունների ընդլայնումը։ Նրա տեղեկատվությամբ՝  ընդլայնվել են հակակարկտային ցանցով պատված հողատարածքները, ինտենսիվ այգիների մշակությունը՝ կաթիլային ոռոգման համակարգի ներդրմամբ։

Անդրադառնալով գյուղատնտեսական արտադրանքի իրացմանը՝ Խուդաթյանը նշեց, որ այն հիմնականում արտահանվում է՝ մասնավորապես Ռուսաստանի Դաշնություն։

Դրանով պայմանավորված՝ նախորդ տարիներին իրացման ծավալները բավականին մեծ են եղել, իսկ որոշ դեպքերում ի հայտ եկած  դժվարությունները՝ հաղթահարելի։

Իրացման գործընթացում խնդիրներից Խուդաթյանն առանձնացրեց և կարևորեց խաղողի  մթերումը, որն իրականացվում է տեղի ընկերությունների կողմից։ «Յուրաքանչյուր տարի այդ ծավալը փոփոխություններ է կրում, ինչը բարդացնում է պլանավորումը խաղողագործների համար։ Ընդհանուր առմամբ, ի տարբերություն 2022 թվականի, 2023 թվականին դժվարություններ չեն եղել, իսկ որոշները, որոնք պայմանավորված էին խաղողի մթերմամբ, հաղթահարվել են։ Կառավարությունն այս պահին քայլեր է իրականացնում, որ 2024 թվականին նույնիսկ այդ փոքր դժվարությունները չլինեն»,-հավաստիացրեց Արմավիրի մարզպետը։

Նա ընդգծեց, որ տնտեսվարողներն օգտվում են պետական աջակցությունից, այդ թվում՝ նաև հարմար պայմաններով վարկային հնարավորություններից։

«Մարզում շատ են այն տնտեսությունները, որոնք ընդլայնվելու համար օգտվում են լիզինգային և գյուղատնտեսության աջակցության պետական այլ ծրագրերից։ Մասնավորապես՝ վերջին տարիներին շարժ կա սառնարանային տնտեսությունների ընդլայնման մասով, երբ անհրաժեշտ տեխնիկական միջոցները ձեռք են բերվում պետական աջակցությամբ»,-մանրամասնեց Խուդաթյանը։

Ըստ նրա՝  ջերմատների ընդլայնման գործում ևս էական է պետական աջակցությունը, որի շրջանակներում հարմար պայմաններով վարկեր են տրամադրվում այն տնտեսություններին, որոնք փորձում են ավանդական եղանակից անցնել կաթիլային ոռոգման  ու հակակարկտային  ցանցերով պատված հողատարածքներում մշակությանը։

434016523_992123222479521_2599243131257681699_n.jpg (333 KB)

Գյուղատնտեսությունն Արմավիրի մարզում զբաղվածության ապահովման հիմնական ոլորտն է՝ չնայած մեծաթիվ աշխատատեղեր են ապահովում նաև պետական հիմնարկները՝ դպրոցներ, հիվանդանոցներ։

Պայմանավորված Երևանին մոտ գտնվելու հանգամանքով՝ մարզի բնակչության մի մասը նախընտրում է մայրաքաղաքում  աշխատանքի անցնել, քանի որ մասնագիտական ներուժի իրացման հնարավորությունն այնտեղ են տեսնում։

«Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ մարզը կարողանա իր ամբողջ ներուժը գեներացնել տեղում, և համապատասխան մասնագիտական աշխատանքը քաղաքացին կարողանա գտնել նաև այստեղ»,-հավաստեց մարզպետը՝ ավելացնելով, որ բավականաչափ աշխատատեղեր են ապահովում նաև վերամշակող ընկերությունները, որոնք հատկապես սեզոնային ամիսներին էականորեն ավելացնում են աշխատողների թիվը։

Բացի այդ՝ Արմավիրի մարզում են գործում նաև կոնյակագործական և գինեգործական խոշոր ընկերություններ։

  • Կիսվել: