Գողթանիկում մոդուլային դպրոց չի կառուցվի. Գյուղում ընդամենը 9 աշակերտ կա
Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց թույլատրել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ Գողթանիկ գյուղում մոդուլային կրթահամալիրի նոր շենքի կառուցման կապալային աշխատանքների ձեռք բերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգը հայտարարել չկայացած՝ գնման պահանջի դադարման հիմքով:
Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Գողթանիկի դպրոցահասակ երեխաների սակավաթվության հիմքով դպրոցի նոր շենքի կառուցման աննպատակահարմար լինելով։
Փոքրաքանակ երեխաներով համալրված մոդուլային դպրոցների (կրթահամալիրների) կառուցման ծրագրով բնակավայրերը ընտրվել են հետևյալ սկզբունքների հիման վրա․
տվյալ դպրոցը հանդիսանում է բնակավայրի միակ կրթական օբյեկտը․
տվյալ դպրոցն ունի մինչև 100 աշակերտ.
տվյալ դպրոցն ունի սեյսմակայունության խնդիր և շենքի հիմնանորոգումը կամ վերականգնումը տնտեսապես արդյունավետ չէ․
դպրոցի տեղակայման վայրում կա մոդուլային շենքի տեղակապման համար համապատասխանող հողատարածք։
Վերը նշված սկզբունքներով ընտրվել է նաև գյուղ Գողթանիկը, որտեղ նախատեսվել է կառուցել 184 տեղ հզորությամբ կրթահամալիր:
Ներկայումս, հաշվի առնելով Գողթանիկի միջնակարգ դպրոցում ընդամենը 9 աշակերտի առկայությունը՝ գտնում ենք ոչ նպատակահարմար ժամանակային և ֆինանսական սուղ ռեսուրսներն ուղղել այդ բնակավայրում նոր կրթահամալիրի կառուցմանը։ Փոխարենը աշակերտները կարող են հաճախել եղեգիսի միջնակարգ դպրոց, որի համար ներկայումս կառուցվում է նոր մոդուլային շենք (այս տարի նախատեսվում է ավարտել)։