չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Գնահատենք ու խնայենք մեր բաժին ջուրը, սեփական ծորակից մինչ ոռոգվող դաշտ ու այգի

Գնահատենք ու խնայենք մեր բաժին ջուրը, սեփական ծորակից մինչ ոռոգվող դաշտ ու այգի

Ըստ կանխատեսումների՝ ջրի համաշխարհային պահանջարկը մինչև 2050թ․ կաճի 55 տոկոսով։ Այնինչ, այսօր էլ շուրջ 2 միլիարդ մարդ խմելու անվտանգ ջուր չունի: Երկրագնդի բնակչության գրեթե կեսը՝ 3․6 միլիարդ մարդ, զուրկ է պատշաճ սանիտարական պայմաններից, կենցաղային կեղտաջրերի 44 տոկոսն անվտանգ մաքրման չի ենթարկվում:

Մարտի 22-ը Ջրային պաշարների համաշխարհային օրն է, առիթ՝ վերաարժևորելու ջրի կարևորությունը մարդու և ամբողջ երկրագնդի համար, նաև՝ հասարակության ուշադրությունը հրավիրելու ջրային խնդիրներին։ Առաջին հերթին՝ վերականգնել պաշարները, պահպանել ու խնայել, ապահովել խմելու որակյալ ջրի կայուն մատակարարում։

Մեր երկիրը ևս զերծ չէ ջրային խնդիրներից, և դրանց լուծման ճանապարհին կարևոր ներդրում ունի նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ-ը։
Մասնավորապես, հիմնադրամի մի շարք ծրագրեր ուղղված են խմելու և ոռոգման ջրերի համակարգերի արդիականացմանը, ջրահեռացման բարելավմանը, ինչպես նաև կառուցվում է ռազմավարական նշանակության երկու ջրամբար։

Օրվա խորհրդին ընդառաջ և ամեն օր ու պահի՝ գնահատենք ու խնայենք մեր բաժին ջուրը, սեփական ծորակից մինչ ոռոգվող դաշտ ու այգի։ 

2015 թվականի հոկտեմբերի 16-ից ՀՀ կառավարությունն իրականացնում է «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագիրը՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի գումարը 50.0 մլն ԱՄՆ դոլար է, որից 40.0 մլն ԱՄՆ դոլարը ԿԶԵՀ-ի վարկային միջոցներն են, 10.0 մլն ԱՄՆ դոլարը՝ ՀՀ կառավարության և համայնքների համաֆինանսավորումը։ Ծրագիրը նպատակաուղղված է ոռոգման համակարգերի արդիականացմանն ու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Ծրագրի վերջնական նպատակներն են՝ 1) բարձրացնել ոռոգման համակարգերի արդյունավետությունը, 2) ընդլայնել ոռոգվող հողատարածքները, 3) զարգացնել ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ-ների) կառավարման ներուժը և բարելավել տեխնիկական զինվածությունը: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից։

Ծրագրի արդյունքների հիմնական շահառուն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեն է, ինչպես նաև ոռոգման և ջրային ոլորտի այլ շահագրգիռ կողմեր: Այն հանդիսանում է Հայաստանի ոռոգման և դրենաժային համակարգերի վերականգնման և վերակառուցման երկարաժամկետ ազգային ծրագրի մի մասը: Բաղկացած է չորս բաղադրիչներից՝ 1) մեխանիկական ոռոգման փոխարինում ինքնահոսով, 2) մայր և միջտնտեսային ջրանցքների վերականգնում, 3) ներտնտեսային ցանցերի արդիականացում, 4) Ծրագրի կառավարում, ոռոգման համակարգերը կառավարող կազմակերպությունների և մարմինների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում:

Առայսօր Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում վերականգնվել են ավելի քան 400 հազար մետր մայր, միջտնտեսային ջրանցքներ ու ներտնտեսային համակարգեր, կառուցվել է ինքնահոս ոռոգման 7 համակարգ։ Ոռոգելի հողատարածքներն ընդլայնվել են 12.3 հազար հեկտարով: Մոտ 35 հազար հեկտարի վրա բարելավվել է ոռոգման ջրապահովվածությունը, ինչի շնորհիվ աճել են բերքատվությունն ու տնտեսավարողների եկամուտները։ Շուրջ 145.4 հազար շահառու օգտվում է բարելավված ոռոգման համակարգերի ծառայություններից:

  • Կիսվել: