չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Փաշինյանը պաշտոնյաներին հանձնարարեց մարզեր այցելել. «Փորձեք կյանքը տեսնել ձեր կաբինետի կամ մեքենայի ապակու մյուս կողմից»

Փաշինյանը պաշտոնյաներին հանձնարարեց մարզեր այցելել. «Փորձեք կյանքը տեսնել ձեր կաբինետի կամ մեքենայի ապակու մյուս կողմից»

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին այսօրվա նիստում խորհուրդ տվեց առանց թիմերի կողմից ծրագրման գնալ բակեր, նստել ու խոսել մարդկանց հետ և լսել նրանց խնդիրների մասին։

«Վերջին օրերին ես մարզերում եմ եղել, և դա` ոչ պաշտոնապես։ Խնդիրներ եմ արձանագրել, որոնք գործնականում ոչ մի զեկույցում և նիստում չեն արձանագրվել։ Դրանցից մեկը կապված է ճանապարհների սպասարկման հետ, ինչը, մեղմ ասած, շատ վատ է։ Հանրապետությունում եզրային գծանշումներ կան, որ 7-8 սմ ավազի տակ են, երթևեկելի հատվածը նորմալ գծանշված չէ։ Ճանապարհային նշաններ էլ կան, որ 1990-ականներից այս կողմ չեն փոխվել։ Օրինակ` Խոր Վիրապի ցուցանակն առնվազն իմ տարիքին է։ Ճանապարհներին էլ փոսերը բազմաթիվ են։ Մտքներովդ չի՞ անցնում, թե ինչի պետք է ես զբաղվեմ այս հարցերով»,–կառավարության շեշտեց Փաշինյանը։

Նա խորհուրդ տվեց, խնդրեց, այնուհետև հանձնարարեց կառավարության անդամներին ժամանակ առ ժամանակ, առանց ծրագրավորելու, ուղղակի գնալ ու մտնել բակեր, նստել մարդկանց հետ։ Ըստ նրա` այդ ժամանակ շատ հարցեր ի հայտ կգան, որոնք ոչ մի այլ խողովակով չեն պարզվի։
 
Փաշինյանն ընդգծեց` անգամ համաձայն է, որ կառավարության անդամներն աշխատանքային օրերն օգտագործեն այդ նպատակով։
Վարչապետը շեշտեց` դա պետք է արվի ոչ պաշտոնական հագուստով և, առհասարակ, ոչ պաշտոնական տարբերակով։

  • Կիսվել: