երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզպետը սուբվենցիոն ծրագրերին ծանոթանալու նպատակով այցելել է Ծովինարի շինհրապարակներ

Գեղարքունիքի մարզպետը սուբվենցիոն ծրագրերին ծանոթանալու նպատակով այցելել է Ծովինարի շինհրապարակներ

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղում ՀՀ Կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են մանկապարտեզի խաղահրապարակի և սեպտիկ հորի, 2-րդ թաղամասի 6-րդ փողոցի լուսավորության ցանցի, ներհամայնքային ոռոգման համակարգերի կառուցման, ներհամայնքային փողոցների ասֆալտապատման և մշակույթի կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները։ Այդ մասին ասված է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի Ֆեյսբուքի էջում:

Նա նաեւ նշել է. «Սուբվենցիոն ծրագրերի ընթացքին ծանթանալու նպատակով այցելել եմ Ծովինարի շինհապարակներ։

Ծովինարի մանկապարտեզի հիմնանորոգումը մոտենում է ավարտական փուլին։ Այն սկսվել է 2019 թվականից եւ ընթացել մի քանի փուլերով, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

2019 թվականին Ծովինարի մանկապարտեզի հիմնանորոգմանը հատկացվել է 28,8 միլիոն, 2020 թվականին՝ 40 միլիոն, 2021 թվականին՝ 28,5 միլիոն, 2022 թվականին՝ 61,5 միլիոն դրամ։ Նախորդ երեք տարիների ընթացքում ավարտին են հասցվել հիմնանորոգման, ինչպես նաեւ ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքները, իսկ այս տարվա տրամադրած միջոցներով այժմ ընթանում են բակային տարածքի բարեկարգման, խաղահրապարակի եւ սեպտիկ հորի կառուցման աշխատանքները, որոնք ավարտի կհասցվեն նոյեմբեր ամսի ընթացքում։

Ծովինարի մանկապարեզի հիմնանորոգման 2022 թվականի ավարտական փուլի համար տրամադրվել է 61,5 միլիոն դրամ, որի 75 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքների ավարտից եւ գույքի ձեռքբերումից հետո Ծովինարի մանկապարտեզն իր դռները կբացի գյուղի նախադպրոցական տարիքի 100 երեխաների առջեւ։

Ծովինարի մանկապարտեզի գործունեությունը դադարեցվել է 2005 թվականից, շենքային անբավարար պայմանների պատճառով։ Վերջին չորս տարիների ընթացքում շենքի հիմանորոգումն ընթացել է անխափան։ Այս տարի հատկացված 61,5 միլիոն դրամից գույքի ձեռքբերմանն ուղղվում է 20 միլիոն դրամ, իսկ մնացած գումարը ծախսվում է տարածքի բարեկարգման, խաղահրապարակի եւ սեպտիկ հորի կառուցման ուղղությամբ։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են մոտ 60 տոկոսով։

Ծովինարի ներհամայքնային փողոցների ասֆալտապատման ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 101 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է ասֆալտապատմամբ հիմնանորոգել 1-ին թաղամասի 9-րդ փողոցը եւ 2րդ թաղամասի 6-րդ փողոցը՝ շուրջ 1200 գծամետր երկարությամբ եւ 5 հազար քառակուսի մետր մակերեսով։ 2022 թվականի հոկտեմբերի 25-ի դրությամբ ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են 1-ին թաղամասի 9-րդ փողոցում, իսկ 2-րդ թաղամասի 6-րդ փողոցում ընթանում են հողային հարթեցման եւ այլ կարգի նախապատրաստական աշխատանքներ, որոնց առաջիկա օրերին կհաջորդի ասֆալտապատումը։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել մինչեւ տարեվերջ։

Ծովինարի 2-րդ թաղամասի 6-րդ փողոցի լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 6 միլիոն 562 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է լուսավորության ցանցի կառուցում 600 գծամետր երկարությամբ եւ 30 լուսատուների տեղադրմամբ։ Այստեղ շինարարական աշխատանքներն ավարտվել են մոտ 80 տոկոսով։

Ծովինարի ոռոգման համակարգերի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 32 միլիոն 280 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ծովինարի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է ոռոգման ներքին ցանցի կառուցում երկաթբետոնյա վաքերով եւ մետաղական խողովակներով, 2-րդ թաղամասի 6-րդ փողոցում, շուրջ 700 գծամետր երկարությամբ։ Շինարարակական աշխատանքներն ավարտվել են 50 տոկոսով։ Աշխատանքները նախատեսված է ավարտել մինչեւ տարեվերջ։

Ծովինարի մշակույթի կենտրոնի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմում է 19 միլիոն 980 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է Ծովինարի մշակույթի կենտրոնի ներքին հարդարման աշխատանքների իրականացում։

Աշխատանքներն այստեղ ավարտվել են մոտ 60 տոկոսով։

Ծանոթացա շինարության ժամանակ ի հայտ եկած խնդիրներին, նկատված թերությունների շուրջ եղան դիտողություններ եւ առաջարկություններ, սխալների շտկման ուղղությամբ տրվեց համապատասխան հանձնարարականներ։

Բոլոր ծրագրերն էլ կենսական նշանակություն ունեն Ծովինարի բնակչության համար։ Դրանց իրականացման արդյունքում վերջապես երկար տարիների ընդմիջումից հետո կվերաբացվի Ծովինարի մանկապարտեզը, կարդիականացվի մշակույթի կենտրոնը, ոռոգման ներքին ցանցը, կավելանան ասֆալտապատ ճանապարհների մակերեսները, լուսավորվող փողոցները։ Առաջիկա տարիների ընթացքում եւս Ծովինարում կներդրվեն կենսական նշանակության նոր ծրագրեր, որոնց շնորհիվ կկարգավորվեն գյուղում տասնամյակներով կուտակված բազմաբնույթ հիմնախնդիրները։

  • Կիսվել: