Գեղարքունիքի մարզի սահմանամերձ 11 բնակավայրերի տնտեսություններին բաժանվել են հավի ճտեր
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սահմանամերձ 11 բնակավայրերի տնտեսություններին, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համագործակցությամբ, օգնության կարգով բաժանվել են հավի ճտեր։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, հավի ճտեր ստացել են Վարդենիս համայնքի Սոթք, Կութ, Ջաղացաձոր, Տրետուք, Այրք, Կախակն, Ախպրաձոր, Նորաբակ, Ներքին Շորժա, Ազատ, Կուտական բնակավայրերի շուրջ 2000 խիստ անապահով ընտանիքներ։ Բաժանված 40 հազար հավի ճտերից տնտեսություններից յուրաքանչյուրին բաժին է ընկել 20-ը։
Միաժամանակ, այդ տնտեսություններին տրամադրվել է որոշակի չափի թռչնակեր։
«Համայնքապետարանի եւ ծրագիրն իրականացնող կառույցների կողմից որպես շահառու ընտրվել են սոցիալապես խիստ անապահով, Արցախյան վերջին պատերազմի հետեւանքով տեղահանված, զոհված կամ վիրավոր զինծառայողների ընտանիքներ, որոնք ունեն հավ պահելու համապատասխան պայմաններ։ Մնում է հուսալ, որ տնտեսությունները արդյունավետորեն կհոգան ճտերի հետագա խնամքը ու կստանան սպասված արդյունքը»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը։