երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
«Գազպրոմը» չի կարողանա վերականգնել նախապատերազմյան վաճառքի ծավալները. հաշվետվություն

«Գազպրոմը» չի կարողանա վերականգնել նախապատերազմյան վաճառքի ծավալները. հաշվետվություն

Ռուսական գազային մենաշնորհատեր «Գազպրոմ» ՓԲԸ-ն առաջիկա տարիներին չի կարողանա վերականգնել գազի վաճառքը, որը կորցրել է Ուկրաինայում պատերազմի պատճառով սահմանված պատժամիջոցների հետևանքով։ Այդ մասին հայտնել է բրիտանական The Financial Times պարբերականը՝ վկայակոչելով 2023 թվականի վերջին ընկերության ղեկավարության պատվերով պատրաստված հաշվետվության տվյալները։

Ըստ վերլուծաբանների՝ մինչև 2035 թվականը Եվրոպա գազի արտահանումը տարեկան կկազմի միջինը 50-75 միլիարդ խորանարդ մետր: Միևնույն ժամանակ, ըստ Եվրոստատի տվյալների, նախապատերազմյան 2021 թվականին «Գազպրոմը» Եվրոպա է մատակարարել 141 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ ընկերության ընդհանուր արտահանումը գերազանցել է 200 միլիարդ խորանարդ մետրը:

«Գազպրոմ» ընկերությունը հույս ուներ, որ Չինաստան մատակարարումները կփոխհատուցեն կորուստները եվրոպական շուկայում, սակայն բանակցությունները «Սիբիր-2» գազատարի նոր ճյուղի կառուցման շուրջ, որը նախատեսված է տարեկան 50 միլիարդ խորանարդ մետր գազի համար, փակուղի են մտել: Ըստ Financial Times-ի՝ պատճառը Պեկինի անզիջում դիրքորոշումն է, որը ցանկանում է գազը գնել ներքին ռուսական գներով։

2023 թվականի վերջին «Գազպրոմը» գրեթե 25 տարվա մեջ առաջին անգամ հայտարարեց կորուստների մասին։ Ընկերության հաշվետվության համաձայն՝ տարվա ընթացքում վնասը կազմել է 629 մլրդ ռուբլի, մինչդեռ 2022 թվականին «Գազպրոմի» շահույթը կազմել է 1,23 տրլն ռուբլի։

  • Կիսվել: