ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գարեգին Նուշիկյանը հերքում է բիզնես իմպերիայի տապալման մասին լուրերը` միևնույն ժամանակ չհերքելով կրճատումների հեռանկարը

Գարեգին Նուշիկյանը հերքում է բիզնես իմպերիայի տապալման մասին լուրերը` միևնույն ժամանակ չհերքելով կրճատումների հեռանկարը

Հայստանի հայտնի գործարարներից Գարեգին Նուշիկյանը, որը նաև ԱԺ նախկին պատգամավոր էր, InfoPort.am-ի հետ զրույցում հերքեց իր բիզնես գործունեության շուրջ տարաձայնությունների, սնանկացման մասին լուրերը։

«Նման տեղեկություն գոյություն չունի։ Որտեղի՞ց վերցրիք նման բան», -մեզ հետ զրույցում ասաց Նուշիկյանը։

Մեր դիտարկմանը, թե մասնավորապես նրա ընտանիքին պատկանող մի քանի բիզնեսներից եղել են դժգոհություններ, մարդիկ նշել են, որ Նուշիկյան եղբայրները տարաձայնություններ ունեն և փորձում են բաժանել բիզնեսը, Գարեգին Նուշիկյանը արձագանքեց․

«Նման բն չկա, բիզնեսը շարունակում է աշխատել, ճիշտ է, հիմա փակ են արտակարգ դրության պահանջով»։

Գործարարն ասաց, որ այս պահին Երևանի Մոնթե Մելքոնյան 31 հասցեում «Երևան պարկ» ընտանեկան ժամանցի և զվարճանքի կենտրոնի շինարարությունն է ընթանում, որի վրա 100-ից ավելի շինարարներ են աշխատում։

Հիշեցնենք՝ Գարեգին Նուշիկյանին պատկանող «Պարկ գրուպ» ՍՊԸ-ն է իրականացնում շինարարությունը:

«Հենց հիմա շինարարությունն ընթանում է, հիմա 100-120 մարդ աշխատում է շինարարության վրա։ Բոլոր ուղղություններով աշխատում ենք», -ասաց Նուշիկյանը։

Հարցին, թե կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տնեսական ճգնաժամը ազդո՞ւմ է բիզնեսի վրա, Նուշիկյանը պատասխանեց․

«Ոնց բոլորին, էնպես էլ մեզ, իհարկե կազդի»։

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում կառավարության կողմից իրականացվող տնտեսական ճգնաժամի հաղթահարման ծրագրերը,

Նուշիկյանը պատասխանեց․

«Կառավարությունը օգնում է ու այդ անում է իր ուժերի չափով։ Եթե հնարավորություն ունի օգնում է, բայց իրականում, ես կառավարության հնարավորությունները չգիտեմ։ Կարծում եմ, որ անում են հնարավորը»։

Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է աշխատակիցների կրճատումներ իրականացնի, գործարարն ի պատասխան, ասաց, որ հնարավոր է, եթե այսպես շարունակվի․ «Եթե ամիսներով չաշխատեն հիմնարկները, կրճատումներն անխուսափելի կլինեն, ո՞նց պահեն այդ մարդկանց։ Պետք է երկիրը աշխատի, որ աշխատատեղեր պահվեն»:

  • Կիսվել: