չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
«Ֆլայ Արնայի» վկայականի գործողությունը կասեցվել է 6 ամսով

«Ֆլայ Արնայի» վկայականի գործողությունը կասեցվել է 6 ամսով

Այն բանից հետո, երբ «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի (հայտնի է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով) միակ ինքնաթիռը դուրս գրվեց ՀՀ օդանավերի ռեգիստրից, Քաղավիացիայի կոմիտեն մարտի 7-ին կասեցրել է այս փոխադրողի օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունը, գրում է «Հետք»-ը:

Հիշեցնենք, որ «Ֆլայ Արնայի» շարժակազմում գրանցված «Airbus A320» ինքնաթիռը (ՀՀ գրանցումը՝ EK-YRB) հունվարի 16-ից թռիչքներ չէր իրականացնում, իսկ փետրվարի 26-ին Երեւանից թռել էր Շարժա: Մարտի 6-ին էլ Քաղավիացիայի կոմիտեի հրապարակած ցանկից պարզ էր դարձել, որ այս օդանավն ապագրանցվել է հայկական ռեգիստրից:

«Հետքը» գրել էր, որ, ըստ գործող օրենսդրության, ՕՇՎ ունեցող ավիաընկերությունը պետք է լինի առնվազն մեկ օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) կամ գոնե ունենա օդանավի վարձակալության (ենթավարձակալության) մասին հուշագիր, այլապես նրա ՕՇՎ-ի գործողությունը կկասեցվի առավելագույնը 6 ամսով, եւ այս ընթացքում փոխադրողը պետք է քայլեր ձեռնարկի՝ օրենսդրական նշված պահանջը բավարարելու համար: Չբավարարելու դեպքում նրա վկայականի ուժը կորցրած կճանաչվի: Իսկ առանց ՕՇՎ-ի ոչ մի ավիափոխադրող չի կարող կոմերցիոն թռիչքներ կատարել:

Փաստորեն, այդպես էլ եղավ: Մարտի 7-ին ՔԱԿ-ը «Ֆլայ Արնայի» վկայականի գործողությունը կասեցրել է 6 ամսով՝ մինչեւ սեպտեմբերի 7-ը: Եթե այդ ընթացքում ավիաընկերությունը օդանավ ձեռք չբերի կամ գոնե դրա ձեռքբերման մասին հուշագիր չստորագրի, կզրկվի իր ՕՇՎ-ից:

Հիշեցնենք, որ «Ֆլայ Արնան» հայ-արաբական համագործակցության արդյունք է: Դրա 49 %-ը պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին (ANIF), որը պետական հիմնադրամ է, 49 %-ն էլ պատկանում է արաբական «International Business Company (FZE)»-ին, որը փոխկապակցված է «Air Arabia» ավիաընկերությանը: Փաստացի հենց արաբական այս փոխադրողն է համարվում «Ֆլայ Արնայի» բաժնետեր: Մնացած 2 %-ը պատկանում է ՀՀ քաղաքացի Վարուժան Ներգիզյանին, որը լիբանանահայ տնտեսագետ ու գործարար է, ԱՄԷ-ի, Լիբանանի եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրների բիզնես շրջանակների ներկայացուցիչ է:

«Ֆլայ Արնան» ՕՇՎ էր ստացել 2022-ի մայիսի 5-ին, իսկ թռիչքները մեկնարկել էր նույն տարվա հուլիսի 3-ից: Վերջին թռիչքը եղել է 2024 թ. հունվարի 16-ին:

  • Կիսվել: