ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ֆինանսների նախարարը շնորհակալություն է հայտնել Անդրեա Վիկտորինին՝ ԵՄ արդյունավետ փոխգործակցության համար

Ֆինանսների նախարարը շնորհակալություն է հայտնել Անդրեա Վիկտորինին՝ ԵՄ արդյունավետ փոխգործակցության համար

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին` Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարությունից։

Վահե Հովհաննիսյանը, բարձր գնահատելով Եվրոպական Միության հետ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել Անդրեա Վիկտորինին՝ դիվանագիտական առաքելության ընթացքում ԵՄ հետ փոխգործակցությունն առավել զարգացնելու, ընթացիկ բարեփոխումներին, այդ թվում՝ պետական ծախսերի եւ ֆինանսական հաշվետվողականության գնահատման գործընթացին աջակցելու ուղղությամբ անձնական մեծ ներդրումի համար։

Եվրամիության պատվիրակության ղեկավարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, արձանագրել է Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության փաստը եւ վստահեցրել, որ պաշտոնավարման ընթացքում ներդրել է իր լավագույն ջանքերը հարաբերությունների խորացման եւ զարգացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, դիտարկել տարբեր ոլորտներում կարողությունների զարգացման համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները եւ նախանշել համագործակցության հնարավոր նոր ուղղությունները։

  • Կիսվել: