կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ֆինանսների նախարարը ներկայացրել է պետական կառույցների 2024-ի կապիտալ և ընթացիկ ծախսերը՝ ըստ միջոցառումների ու ծրագրերի

Ֆինանսների նախարարը ներկայացրել է պետական կառույցների 2024-ի կապիտալ և ընթացիկ ծախսերը՝ ըստ միջոցառումների ու ծրագրերի

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 1-ի համատեղ նիստում Վլադիմիր Վարդանյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ քննարկվել են պետական եւ դատական, պետական վերահսկողության եւ կոռուպցիայի կանխարգելման մարմինների` 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը փաստել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի գծով 2024 թվականի պետական բյուջեով նախատեսվում է հատկացնել շուրջ 24 մլրդ 573 մլն դրամ` ներառյալ կառավարման ապարատի պահպանման ծախսերը: Հատկացվելիք միջոցներն ուղղվելու են 11 ծրագրերի եւ 51 միջոցառումների իրականացմանը:

Կապիտալ ծախսերի համար նախատեսվել է 3 մլրդ 800 մլն դրամ, ընթացիկ ծախսերի համար 20 մլրդ 770 մլն դրամ, որը շուրջ 4 մլրդ դրամով ավելի է 2023 թվականի հատկացումից:

ՀՀ նախագահի աշխատակազմին կհատկացվի 1 մլրդ 771 մլն դրամ: Կապիտալ ծախսերի համար նախատեսվել է 85 մլն դրամ: Կիրականացվի 1 ծրագիր` 2 միջոցառում:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի համար նախատեսվել է հատկացնել 7 մլրդ 262 մլն դրամ: Կապիտալ ծախսերի համար նախատեսվել է 367 մլն դրամ, ընթացիկ ծախսերի համար` 6 մլրդ 855 մլն դրամ: Կիրականացվի 1 ծրագիր` 7 միջոցառում:

ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմը կիրականացնի մեկ ծրագիր եւ 3 միջոցառում, ինչի համար նախատեսվել է հատկացնել 844 մլն դրամ: ՍԴ-ի բյուջեն 2023 թվականի համեմատ նվազել է 22 մլն դրամով: 8 մլն 600 հազար դրամ նախատեսվել է կապիտալ ծախսերի համար:

ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի համար նախատեսվել է 18 մլրդ 928 մլն դրամ, ինչը 2 մլրդ 242 մլն դրամով ավելի է 2023 թվականի ֆինանսական հատկացումից: Հիմնական մասն ընթացիկ ծախսերն են, 1 մլրդ 92 մլն դրամ կհատկացվի կապիտալ ծախսերին: Կիրականացվի մեկ ծրագիր` 25 միջոցառումով, որոնք ուղղված են դատարանների բնականոն գործունեության ապահովմանը:

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին նախատեսվել է հատկացնել 23 մլրդ 156 մլն դրամ, ինչը 2 մլրդ 202 մլն դրամով պակաս է ընթացիկ տարվա հատկացումից: Կապիտալ ծախսերին կուղղվի 462 մլն դրամ, ընթացիկ ծախսերի համար` 22 մլրդ 694 մլն դրամ: Կիրականացվի 7 ծրագիր` 24 միջոցառումով:

ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմին նախատեսվել է հատկացնել 10 մլրդ 53 մլն դրամ, ինչը 2 մլրդ 430 մլն դրամով ավելի է 2023 թվականի հատկացումից: Կիրականացվի 3 ծրագիր` 4 միջոցառումով: Նշվել է, որ ամբողջն ընթացիկ ծախսեր են, կապիտալ ծախսեր չեն նախատեսվել:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակազմին կհատկացվի 956 մլն դրամ, որը 477 մլն դրամ պակաս է 2023 թվականի հատկացումից: 4 մլն 693 հազար դրամ կուղղվի կապիտալ ծախսերին, մնացածն ընթացիկ ծախսերն են: Կիրականացվի 1 ծրագիր` 3 միջոցառումով:

ՀՀ քննչական կոմիտեի աշխատակազմը կիրականացնի 1 ծրագիր? 6 միջոցառումով, որի համար նախատեսվել է հատկացնել 17 մլրդ 462 մլն դրամ, որը 4 մլրդ 478 մլն դրամով ավելի է 2023 թվականի հատկացումից: 257 մլն դրամ կուղղվի կապիտալ ծախսերին, մնացածն ընթացիկ ծախսեր են:

ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմը կիրականացնի 1 ծրագիր` 2 միջոցառումով, կհատկացվի 412 մլն դրամ, որը 340 մլն դրամով պակաս է ընթացիկ տարվա հատկացումից, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ կառույցի կապիտալ ծախսերն իրականացվել են 2023 թվականին, 2024 թվականին համար կապիտալ ծախսեր նախատեսված չեն: Նշվել է, որ ամբողջն ընթացիկ ծախսեր են:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի բյուջեն 3 մլրդ 695 մլն դրամ է, որը 389 մլն դրամով ավելի ընթացիկ տարվա հատկացումից: Կապիտալ ծախսերին կուղղվի 76 մլն դրամ: Կիրականացվի 1 ծրագիր` 4 միջոցառումով:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի համար նախատեսվել է հատկացնել 984 մլն դրամ, ինչը 425 մլն դրամով պակաս է 2023 թվականի հատկացումից: Կիրականացվի 1 ծրագիր` 4 միջոցառումով: Կապիտալ ծախսերի համար նախատեսվել է 463 մլն դրամ, որը կուղղվի ԿԸՀ-ի շենքի վերակառուցման աշխատանքներին: 521մլն դրամ կուղղվի ընթացիկ ծախսերին:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հարցն առնչվել է արդյունքային ցուցանիշներին, ինչը, ըստ նրա, արդյունավետ կառավարման էլեմենտն է:

Ի պատասխան` Ֆինանսների նախարարը նշել է, որ այդ ուղղությամբ անելիքները բավականին շատ են: Ըստ Վահե Հովհաննիսյանի` արդյունքային ցուցանիշների հաշվարկման համար անհրաժեշտ է գումար: Նրա կարծիքով ծրագրային բյուջետավորմանն անցման գործընթացն ընթանում է բավականին լավ, ինչը հնարավորություն է` բարելավել արդյունքային ցուցանիշները:

  • Կիսվել: