Ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների հիմքում հանրային բարիքի արդար բաշխումն է. նախարար
«Պետությունը ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների հիմքում դրել է հանրային բարիքի արդար բաշխումը: Մենք կարծում ենք, որ դրան հնարավոր է հասնել կարգավորումների, կանխատեսումների և դրանց հիման վրա որոշումների համարժեքությունն ապահովելու ճանապարհով»,-այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Ըստ նրա՝ այդ ամենը կիսատ կլիներ, եթե տեղի չունենար բացարձակ թափանցիկության և հաշվետվողականության միջավայրում:
Ջանջուղազյանի խոսքով՝ պետական ֆինանսների կառավարման ոլորտում կառավարության գերակայությունները ձևակերպելիս առաջնորդվել են կառավարության ծրագրային դրույթներով: Պետական պարտքի արդյունավետ կառավարման համակարգի զարգացումների բարելավումը մշտական խնդիր է բոլոր այն երկրների համար, որոնք ունեն պետական պարտք: Նա վստահեցրեց, որ ֆինանսական համակարգը համարժեք արձագանքում է պետական պարտքի կարիքներին:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը նոյեմբերի 28-ի նիստում հաստատել է Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը և պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականների գործողությունների ծրագիրը։