երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Եթե «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահները դուրս գան, Լարսը կփակվի՞. հարց՝ Պապոյանին

Եթե «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահները դուրս գան, Լարսը կփակվի՞. հարց՝ Պապոյանին

Այլ երկրների հետ խոսակցություններ մշտապես եղել են եւ կլինեն: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով նրան, որ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման ֆոնին Լարսի փակման հետ կապված խոսակցություններ են գնում:

«Նիկոլ Փաշինյանի այցը Եգիպտոս ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական շատ մեծ բաղադրիչով այց էր: Հանդիպումներ եղել են նաեւ գործարարների հետ: Եգիպտոսը մեկ օրինակ է, բայց մենք պետք է բոլոր ուղղություններով աշխատենք, եթե ուզում ենք մեր պետության դիմակայունությունն ուժեղացնենք, որպես պետություն ուժեղ լինենք»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Լարսով անցնող հայ վարորդներին ասել են, որ այլեւս չեք կարող ձեր ապրանքն արտահանել եւ պատասխանը գնացեք ձեր իշխանություններից ուզեք, Գեւորգ Պապոյանն ասաց. «Ես պաշտոնապես այդպիսի տեղեկատվություն չեմ ստացել որպես նախարար: Չունեմ որեւէ տեղեկություն, որն առնչություն ունի ձեր արտահայտած տեղեկատվության հետ»:

Հարցին՝ ի՞նչ կլինի, եթե ռուսները, օրինակ,  մեկ ամսով Լարսի ճանապարհը փակեն, կա՞ դրան այլընտրանք, Գեւորգ Պապոյանը պատասխանեց. «Ես չեմ տեսնում որեւէ հիմնավոր եւ օբյեկտիվ պատճառ, թե ինչու պետք է Լարսը փակվի: Ես որեւէ պատճառ եւ տնտեսական, եւ քաղաքական, եւ աշխատանքային, չեմ տեսնում»:

Դիտարկմանը, որ պատճառ կարող է լինել այն, որ Հայաստանը ռուս սահմանապահներին ուզում է հանել «Զվարթնոց» օդանավակայանից, նախարարն արձագանքեց. «Դուք կարծում եք, որ դա հիմնավոր պատճա՞ռ է»:

  • Կիսվել: